Խաղաղությո՜ւն լինի, մնացածը մենք կանենք:

Այս երազանք-մաղթանքը հասկանալի պատճառներով նախկինից մի քանի անգամ ավելի շատ ու ավելի ուժգին հնչեց այս տարվա ամանորյա մեր բոլոր սեղաններին: «Մնացած» ասելով, ենթադրվում է երկիր կառուցելը, զարգացած տնտեսություն ունենալը, անձնական բարեկեցության եւ հանրային բարօրության հասնելը:

Լավ ցանկություն է, ինչ խոսք: Բայց որքան որպես ցանկություն լավն է, այնքան որպես կյանքի փիլիսոփայություն՝ վտանգավոր, որքան սահուն է հնչում, այնքան անանցանելի է դարձնում դեպի Խաղաղություն մեր ճանապարհը:

Ի՞նչ է նշանակում խաղաղություն լինի, մնացածը մենք կանենք:

Սա նույնն է, թե մեկն իր ընտանիքի համար տուն կառուցել ցանկանա եւ հայտարարի.«Քարերն ու ցեմենտ-բետոնը լինի, մնացածը ես կանեմ»: Կամ մեկ ուրիշը սեփական մեքենայով ընտանիքի հետ Հայաստանով մեկ ճամփորդել փափագի եւ ասի.«Մեքենան լինի, մնացածը ես կանեմ»: Կամ, թե մի երիտասարդ իր ընկերուհուն ամուսնության առաջարկ անելու մասին երազի. «Ադամանդե քարով մատանին լինի, մնացածը ես կանեմ»:

Պարզ է չէ՞, որ այդ երիտասարդը երբեք չի նշանվի, այդ մարդը երբեք տուն չի կառուցի, մյուսն էլ երբեք իր ընտանիքին մեքենայով ճամփորդության չի տանի:

Ինչպես տուն կառուցելու շինանյութը, ճամփորդելու մեքենան, կամ նշանվելու մատանին որեւէ մեկի համար երկնքից չի ընկնում, այնպես էլ՝ Խաղաղությունը: Ինչպես անհեթեթ է Աստծուն դիմել՝ թե Աստված ջան խնդրում եմ ինձ մի քանի բեռնատար տուֆ ու մի քիչ ցեմենտ ուղարկի, այնպես էլ անհեթեթ է Աստծուն դիմել թե՝ իմ ազգին ու երկրին Խաղաղություն տուր:

Խաղաղությունը Աստծո կողմից ուղարկվող հրաշք չէ: Խաղաղությունը ընդամենը նպատակ է, պարզ, որոշակի, մարդու համար խիստ հասանելի նպատակ:

Մարդկության գոյության բոլոր ժամանակների բոլոր ազգերի եւ պետությունների պատմությունը հուշում է, որ Խաղաղությունը «չի լինում», Խաղաղությունը «անում են»:

Աստծուց էլ խնդրում են իմաստնություն, աշխատասիրություն, արդարամտություն, տոկունություն, ջանասիրություն, նվիրվածություն, ազնվություն, քաջություն, հավատ, հաստատակամություն, անբարո գայթակղություններին դիմակայելու եւ կործանարար սովորություններին վերջ տալու կամք:

Աստծուց խնդրում են չտրտնջալու, չչարանալու, չատելու, փոխարենը բարիք ստեղծելու, սեր տարածելու, սեփական տունը, բակը, քաղաքը, երկիրը մաքրելու, փայփայելու, կառուցելու եւ հզորացնելու համար բավարար ուժ:

Եւ Խաղաղությունը «գալիս է» որպես հետեւանք: Մեր սեփական, ամենօրյա, պարզ գործողությունների հետեւանք: Ընդ որում, յուրաքանչյորն իր գործողությունների համար է պատասխանատու եւ դրանցով է մեր երկիրը կա’մ մոտեցնում խաղաղությանը, կա’մ հեռացնում: Եթե ինչ-որ մեկը մի քանի հազար դրամի, կամ 1432 դոլարի դիմաց տեղեկատվություն է փոխանցում հակառակորդին, ինչքան ուզում է կենաց խմի, կամ Աստծուց խաղաղություն խնդրի, ինքը իր գործողությամբ մեզ արդե’ն մի քանի անգամ հեռացրել է այդ Խաղաղությունից: Եթե այդպիսի հազարավոր մարդիկ կան, նրանք հազա’ր անգամ են մեզ հեռացրել Խաղաղությունից: Եթե մենք այդ մարդկանց ձեռքը նախապես չենք բռնում, պոստֆակտում էլ նրանց հանդեպ չհիմնավորված մարդասիրություն ենք ցուցաբերում, մեր երկիրը մի քանի տասնամյակո’վ ենք հեռացնում Խաղաղությունից: Եթե մենք ծույլ ենք, անփույթ, քիչ ենք աշխատում, օրվա մեծ մասը բամբասում ու ամբարտավանում ենք, եւ դա չենք էլ նկատում, հարյուրամյակներո’վ ենք հեռանում Խաղաղությունից: Ավելին՝ ամեն քայլափոխի մահացու վտա’նգ ենք ստեղծում մեր, մեր սիրելիների կյանքի համար:

Այս Ամանորին եւս մեկ հիթ ունեինք, երգ: Ամենուր՝ տներում, հեռուսատեսությամբ, ռադիոյով, ֆեյսբուքում, նույնիսկ եկեղեցիներում հնչեց Ռափայել Պատկանյանի բանաստեղծության հիման վրա գրված երգը.«Երնէկ, թէ այս նոր տարին, Վերջ տար հայի ցաւերին»:

Երնեկ:

Բայց հունվարի սկզբին սույն երգը 24/7 ռեժիմով երգելն անգա’մ չկանխեց հունվարի 19-ի Ցավը:

Ռափայել Պատկանյանը այս բանաստեղծությունը գրել է 1878 թվականին, այսինքն՝ 145 տարի առաջ: 145 տարի շարունակ մենք երգում ենք՝ «Երնէկ, թէ այս նոր տարին վերջ տար հայի ցաւերին»:

Բանաստեղծության մեջ այլ տողեր էլ կան, որոնք այն մասին են, թե ո’ր պարագայում «հաջորդ տարին վերջ կտա հայի ցավերին»: Բայց այդ տողերը ակնհայտորեն «ուշադրութան եւ ըմբռնումի» չեն արժանացել:

Առնվազն՝ անցած 145 տարում:

847