Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները կուժեղացնեն համատեղ ջանքերը Իրանին հակազդելու համար՝ կանխելու համար Թեհրանի կողմից միջուկային զենքի ստանցումը։ Այս մասին վարչապետն ասել է Երուսաղեմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո։

«Կարծում եմ, որ ընդհանուր կոնսենսուս կա, որ այս (Իրանի) ռեժիմը չպետք է միջուկային զենք ստանա։ Մենք հիանալի զրույց ունեցանք ընդհանուր քաղաքականության մշակման և վտանգը կանխելու համար միասին աշխատելու փորձերի մասին։ Կրկնում եմ՝ մեր քաղաքականությունը, իմ քաղաքականությունն է՝ անել ամեն ինչ, որ Իսրայելը  թույլ չտա Իրանին միջուկային զենք և դրա առաքման միջոցներ ձեռք բերել»,- Նեթանյահուի խոսքերն է մեջբերում գործակալությունը։

Նա նաև հույս է հայտնել, որ Իսրայելի և արաբների միջև հարաբերությունների կարգավորման հարցում շուտափույթ բեկում կգրանցվի։ Նրա խոսքով՝ արաբական երկրների հետ Իսրայելի հաշտեցումը կօգնի լուծել Պաղեստինի խնդիրը։ Իսրայելի վարչապետը խոսել է Իսրայելի և արաբական երկրների միջև «խաղաղության շրջանակի ընդլայնման» ի հայտ եկած հեռանկարների մասին, ըստ նրա, նրանք այդ թեման քննարկել են Բլինքենի հետ հանդիպմանը։

168