Հուլիսի 31-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հայաստան-ԱՄՆ բարեկամության Հայաստանի խորհրդարանական խմբի և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի միջև, ինչը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի մասնակցությամբ: Հուշագիրը ստորագրվել է հեռավար տարբերակով: Հայ-ամերիկյան խորհրդարանական կապի զարգացման կարևորության մասին մենք խոսել ենք դեռևս մինչև հեղափոխությունը, նշանակալի համարելով այն, որ համաշխարհային քաղաքականության առաջատար պետության խորհրդարանի հետ Հայաստանի խորհրդարանը սերտ հարաբերություն ունենա հատկապես խորհրդարանական կառավարման մոդելի անցնելուց հետո, երբ Հայաստանում թիվ մեկ քաղաքական մանդատն ու ինստիտուտը դառնում է խորհրդարանը: Հայ-ամերիկյան կապի այդ հաղորդուղին, անշուշտ, ունի բազմաֆունկցիոնալ նշանակություն թե՛ տնտեսության, թե՛ քաղաքականության, թե՛ հասարակական հարաբերությունների զարգացման, ընդհանուր ռեգիոնալ ռազմա-քաղաքականության համար: Հատկանշական է, որ թե՛ Ադրբեջանը և թե՛ Թուրքիան բավականին անթաքույց դժգոհություն ու մտահոգություն են հայտնում ԱՄՆ ռեգիոնալ դիրքորոշումից, բաց տեքստով ակնարկելով, որ Նահանգների համար առաջնային գործընկերներ չեն:

Հայաստանն այդ իրողության վրա պետք է ոչ թե հանգստանա, այլ աշխատի առավել աշխույժ, հայ-ամերիկյան հարաբերության հարցում խորացնելով ռեգիոնալ ռազմա-քաղաքականության բաղադրիչն ու, ըստ այդմ, ամրացնելով թե՛ հայկական, թե՛ ռեգիոնալ անվտանգության ու կայունության համակարգը: Այդ համակարգի համար հույժ կարևոր է տարբերակվածությունը, բազմազանությունը, ինչի մասին օրերս հայտարարեց վարչապետ Փաշինյանն իր ելույթում, կարևոր համարելով թուրքական սպառնալիքների զսպման այլընտրանքային ձևաչափերում Հայաստանի ներգրավվածության մասշտաբը: Երևանում և Վաշինգտոնում հեռավար կապով ստորագրված հուշագիրը, անկասկած, այդ ուղղությամբ առանցքային քայլերից մեկն է: Միևնույն ժամանակ, անկասկած, կարևորագույն նշանակություն ունի այն, թե ինչ օրակարգով է լցվում գործակցությունը, ինչ բովանդակությամբ, որովհետև արագ փոխվող աշխարհում, անշուշտ, էական նշանակություն ունի ոչ միայն գործիքների, ձևաչափերի, այլ նաև գաղափարների ու ծրագրերի արագ արդիականացումը, թարմացումը, նորոգումը, օրակարգի հարստացումը, ընդ որում՝ ոչ թե երկկողմ, այլ ռեգիոնալ նշանակության մասշտաբով: Հայ-ամերիկյան հարաբերությունն ամենևին այն հարաբերությունը չէ, որտեղ ամեն ինչ թղթով կարող է լինել կարգին, իսկ բովանդակությամբ՝ ոչ:

1in.am

1158