Թուրքիայում գործող ընդդիամդիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում հարցադրում է ուղղել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին փոքրամասնությունների անվտանգության վերաբերյալ։ Փայլանի այդ քայլը հաջորդել է այն լուրերին, որ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների՝ Թուրքիային ուղղված անվտանգության նախազգուշացումներից հետո նաև փոքրամասնությունները կարող են դառնալ ահաբեկչության թիրախ։

Այս մասին գրում է Ermenihaber.am

Փայլանը հարցրել է․

1․ Ճի՞շտ են արդյոք փոքրամասնություններին ուղղված հարձակման ծրագրերի մասին պնդումները։

2․ Ի՞նչ միջոցառումներ եք ձեռնարկել փոքրամասնություններին ուղղված հարձակման ծրագրերը կանխելու համար։

3․ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու փոքրամասնությունների անհանգստությունը փարատելու համար։

Նշենք որ, օրերս Թուրքիայի հայկական հիմնադրամների միության և Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն մի խմբում, որտեղ ներառված են հայ համայնքի առաջնորդները, հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 3 զինյալ մուտք են գործել Թուրքիա։ Նա նշել էր, որ ահաբեկիչների նպատակը հոգևոր և քաղաքացիական առաջնորդների դեմ աղմկահարույց մահափորձերի իրականացումն է։ Շիրինօղլուն անհրաժեշտ էր համարել ուշադրություն դարձնել զանգվածային, մշակութային միջոցառումներին, դպրոցներին, ինչպես նաև հնարավորության սահմաններում ձեռնարկել կանխարգելիչ քայլեր։

Իսկ ավելի վաղ ԱՄՆ-ի դեսպանատունը զգուշացրել էր Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին «հնարավոր ահաբեկչական հարձակումների» վերաբերյալ։

Հունվարի 30-ի հայտարարության մեջ ասվում էր, որ «Եկեղեցիները, սինագոգները, դիվանագիտական առաքելությունները որնք գտնվում են Ստամբուլում, հատկապես Բեյօղլու, Գալաթա, Թաքսիմ և Իսթիքլալ շրջաններում, գտնվում են ռիսկային գոտում և կարող են ահաբեկիչների հրթիռային հարձակումների թիրախ դառնալ»:

875