
Արցախը սնուցող բարձրավոլտ Էլեկտրահաղորդման գծի վթարը հնարավոր է վերականգնել ժամերի ընթացքում, սակայն ադրբեջանական կողմը խոչընդոտում է, Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, հայտնել է «Արցախէներգո»-ի տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը։
Նա հավելել է՝ հաշվի առնելով, որ արդեն մոտ մեկ ամիս է՝ ադրբեջանցիները հնարավորություն չեն տալիս վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել, դա հիմք է տալիս կասկածելու, որ արհեստական միջամտություն է եղել: Ընդ որում, վթարը բարդ հետևանքներ չի ունեցել և այն կարելի է վերականգնել ժամերի ընթացքում։
«Այս պահին էլեկտրաէներգիայի սպառումն ապահովվում է Սարսանգի ՀԷԿ–ի հաշվին, բայց դրա հնարավորությունները սահմանափակ են, և եթե ստեղծված իրավիճակը պահպանվի, լուրջ հետևանքներ են լինելու»,- նշել է «Արցախէներգո»-ի տնօրենը։
Չի բացառվում, որ առաջիկայում ստիպված վերանայվի հովհարային անջատումների ժամանակացույցը՝ կախված ջրի պաշարներից ու մասնագետների հաշվարկներից:
Հովհարային անջատումները բացասական ազդեցություն են ունենում տնտեսության վրա։ Անջատվել են խոշոր ընկերությունների էլեկտրամատակարարումը՝ բեռի թեթևացման պատճառով:
Հովհարային անջատումներից բացի, օդային գծերի գերծանրաբեռնված լինելու հետևանքով առաջացած վթարների պատճառով որոշ ժամերի մարդիկ կրկին հոսանք չեն ունենում: Ձմռան ցուրտ պայմաններում համարյա 2,5-3 անգամ ծանրաբեռնվածությունն ավելանում է:
Էլեկտրաէներգիայի ունեցած սահմանափակ ռեսուրսների պատճառով հիվանդանոցների, գիշերօթիկ հաստատությունների, տարեցների խնամքի և նման այլ հաստատությունների բնականոն աշխատանքի ապահովումը նույնպես մեծ դժվարությամբ է իրականացվում: Ձեռնարկվում են այլընտրանքային միջոցներ՝ սոցիալապես խոցելի խմբերի կենսական նվազագույն պայմանները ապահովելու համար: