
2022 թվականի հոկտեմբերից Գյումրու քաղաքապետարանում առանցքային պաշտոններից մեկը մինչ օրս թափուր է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ չի կարողանում փոխքաղաքապետի թեկնածու գտնել։
Շուրջ 5 ամիս թափուր մնացած պաշտոնի հնարավոր ու անհնար թեկնածուների անուններ վաղուց են շրջանառվում Գյումրիում։ Նրանցից մեկը, որի մասին առավել շատ են խոսակցությունները, ավագանու նախկին անդամ Արման Բաղդասարյանին փոխարինած, մասնագիտությամբ ատամնաբույժ Վահագն Մկրտչյանն է։
Հասկանալու համար, թե կուսակցությունն ինչպե՞ս է պատկերացնում հարցի կարգավորումը, «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ: Պատգամավորը, սակայն, չանդրադարձավ թեկնածուների անձերին:
Ինչ վերաբերում է փոխքաղաքապետի նշանակումը ձգձգվելուն, Ալեքսանյանն ասաց, որ քննարկումների փուլում են, շուտով կներկայացնեն թեկնածուին։ Շուտով ասվածը, ըստ պատգամավորի, «տեսանելի ապագայում է»։
Հարցին՝ փոխքաղաքապետի պաշտոնը չունի՞ այնքան կարևորություն, որ 5 ամիս շարունակ կարող է մնալ թափուր, Ալեքսանյանը շեշտեց, որ միանշանակ ունի և դրանով է պայմանավորված, որ լրջորեն են մոտենում թեկնածուին։
Նա էթիկապես ճիշտ չհամարեց խոսել այն մասին, թե այս ամիսների ընթացում քանի՞ անձի թեկնածություն է քննարկվել:
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն էլ մեր զրույցում տեղեկացրեց, որ Դավիթ Առուշանյանի պարտականություններն այս պահին կատարում է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը։
Նշենք, որ Դավիթ Առուշանյանը համակարգում էր Բյուջեի, եկամուտների հավաքման, Գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման, Ծրագրերի և արտաքին կապերի բաժինների աշխատանքը։
Հիշեցնենք՝ «Բալասանյան դաշինք» սոցիալական և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ՏԻՄ ընտրություններից հետո համագործակցության հուշագիր էին ստորագրել, համաձայն որի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել և ընտրվել «Բալասանյան» դաշինքը գլխավորած Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից էին:
Դավիթ Առուշանյանը, սակայն, 2022-ի հոկտեմբերի 25-ից իր գործունեությունը շարունակում է որպես ԱԺ պատգամավոր՝ փոխարինելով Վահագն Հովակիմյանին, որին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր որպես ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածու և ընտրել այդ պաշտոնում։