ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել ստացվող այն տեղեկություններից, որ Լեռնային-Ղարաբաղյան հակամարտության գոտում խախտվում է հումանիտար հրադադարը։ Նա կրակի չդադարեցումը համարել է անընդունելի։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկին։

 

«Անցյալ հանգստյան օրերին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունեց կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների ձեռք բերումը, որը կայացել էր Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում։ Մենք այժմ հիասթափված ենք ստացվող այն տեղեկություններից, որ կրակի դադարեցման պայմանավորվածությունները ռեգիոնում խախտվում են, եւ անընդունելի ենք համարում դա։

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտում է ցանկացած գործողություն, որը ուղղված է ընդդեմ քաղաքացիական բնակչության, ուր էլ որ դա լինի»,- ասել է Դյուժարիկը, հիշեցնելով, որ հակամարտող կողմերն ունեն հանձնառություններ համահունչ միջազգային հումանիտար իրավունքի նորմերին՝ պաշտպանել քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական նշանակության օբյեկտները եւ խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է բերել հակամարտության գոտու ընդլայնման։ Գուտերեշի խոսնակը ընդգծել է, որ անհրաժեշտ է կատարել ստանձնած հանձնառությունները, որոնք վերաբերում են հումանիտար հրադադարին, եւ որոնք հայտարարվել են Մոսկվայում։

390