
Եթե ուսումնասիրվեն բանակի նախկին փաստաթղթերը, բազում բացահայտումներ կարվեն. ՀՀ զինված ուժերում մեծ թվով անօրինություններ եղել են հենց Սեյրան Օհանյանի օրոք:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Արա Խուդավերդյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդության բավարարմանը:
«Հետաքրքիր զարգացումների ժամանակաշրջանում ենք ապրում. ընդդիմադիրներն առաջ են քաշում արդարության մասին հարց, երբ հենց իրենք են իրենց կառավարման օրոք դրան հեռադիտակով նայել: Դրական եմ վերաբերվում իշխանության վարքագծին ստեղծված իրավիճակում: Ողջունելի է, որ սկսել են բացահայտել 2018 թվականից առաջ տեղի ունեցած կոռուպցիոն գործողությունները, որոնց մասին գուցե շատերն արդեն մոռացել են: Այն ժամանակ ամեն բան բարձիթողի վիճակում էր, և ով ինչ ուզեր, կարող էր գումարով գնել ու անել: Դրա արդյունքում մենք կանգնեցինք փաստի առաջ»,- ասում է նա:
Ըստ Խուդավերդյանի՝ զորամասի վաճառքն ամենավատ ու բացասական իրողություններից է, որը կարող էր լինել ու այն էլ իրականացներ մի մարդ, որը ղեկավարել է բանակը:
«Երբ դեռ չկային Սեյրան Օհանյանն ու իրենից առաջ եղած նախարարները, մենք ամեն տարածք ու իրողություն օգտագործում էինք՝ հօգուտ մեր բանակի, դրա շուրջ քննարկումներ անում և Կառավարությունից միջնորդություն խնդրում իրականացման համար: Ցավալի է, որ դրանից հետո եկան որոշ մարդիկ ու իրենց քաղաքական գործունեության արդյունքում գրպանեցին այնպիսի տարածքներ, որոնք պետությունը հատկացել էր ՊՆ-ին: Հիմա պետք է սպասել գործերի քննմանը դատական մարմիններում»,- նշում է նա՝ մտավախություն հայտնելով, որ մեղավորները հնարավոր է վճարեն իրենց փաստաբաններին, որ սուտը ճշմարտություն դարձնեն և ապօրինի գործարքներն օրինական ներկայացնեն:
Նկատառմանը, որ Սեյրան Օհանյանը չի ընդունում իրեն մեղսագրվող արարքը՝ ասելով, որ այս գործողությունները ներկայիս իշխանություններն օգտագործում են ժողովրդին շեղելու նպատակով, Խուդավերդյանին չեն զարմացնում այս հայտարարությունները, քանի որ, ըստ նրա, դրանք ինքնապաշտպանական հռետորական և քաղաքական հայտարարություններ են: Ըստ զրուցակցի՝ պաշտպանության նախկին նախարարը առաջնորդվում է «հարձակվիր, որպեսզի դու լինես հարձակվողի կարգավիճակում, իսկ իրական հարձակվողը՝ քո» սկզբունքով.
«Այսինքն՝ իբրև թե նախահարձակ լինելը պաշտպանության լավագույն միջոցն է: Պետք է հասկանալ՝ այդ միջոցն անցած էտապ է, որն իրեն այլևս չի արդարացնելու, որովհետև արդեն իսկ գործուն մարմինները լավ, թե վատ իրենց առջև դրված խնդիրները, հատկապես՝ կոռուպցիայի և բանակի խարխլման բացահայտման մասով, իրականացնում են և ձգտում նրան, որ մեղավորները ենթարկվեն համապատասխան քրեական պատասխանատվության»,- կարծում է նա:
Վերջինիս համոզմամբ՝ լայնամասշտաբ դավաճանություններն ընդդեմ Արցախի և Հայաստանի, նրանց ժողովուրդների և պետականության դեմ կարիք ունեն լիարժեք արմատախիլ արվելու:
«Դատական համակարգի վրա ամենախիստ հսկողությունը պետք է սահմանվի, որպեսզի դատավորները էլ երբեք չգնան նախկին կոռուպցիոն ռիսկերին, այսինքն՝ ով վճարում է, նա պատվիրում երաժշտությունը: Պետք է արմատախիլ արվի, և օրենքի սահմաններում բոլոր հանցագործները, որոնք եղել են տարբեր գերատեսչություններում կամ Կառավարությունում, ենթարկվեն համապատասխան պատժի, հակառակ դեպքում՝ ժողովուրդը առաջ կբերի ինքնուրույն դատաստան տեսնելու կամ ֆիզիկապես ոչնչացնելու գործոնը»,- ասում է նա: