Հայտնի շրջանակները հերթական թիրախն են գտել հանրությանը շփոթեցնելու և հերթական չհիմնավորված տեղեկությունը որպես իրականություն ներկայացնելու համար։ Այս անգամ հարվածի տակ է հայտնվել «ՍԻԼ Ինշուրանս» ընկերությունը, որը Սուքիասյան ընտանիքին է պատկանում։ 

«Սկանդալային պսևդո կամ ոչ պսևդո հրապարակումը կա, որ ՆԳ նախարարությունը իշխանության մարդու հետ փոխկապակցված մարդու է տվել ավտոմեքենաների ապահովագրությունը»: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խնդրելով ՆԳ նախարար Վահե Ղազարյանին պարզաբանել իրավիճակը:

Իսկ իրավիճակը, ինչպես պարզ դարձավ ՆԳ նախարարի պարզաբանումից, այնպես չէ, ինչպես ներկայացված է եղել որոշ պսևդո կամ ոչ պսևդո հրապարակումներում։ Խոսքը վերաբերում է նրան, որ Ոստիկանության ավտոմեքենաները «Կասկո» համակարգով ապահովագրվել են «ՍԻԼ ինշուրանս» ընկերությունում։ 

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը վարչապետին ներկայացրեց, որ ոստիկանության ավտոմեքենաների ապահովագրության ծառայության ձեռքբերումն իրականացվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ մեկ անձից գնում կատարելու եղանակով:

Սակայն, մեկ անձից գնում կատարելու կարգում խախտում չի եղել, ինչպես փորձում են ներկայացնել որոշ շրջանակներ, կամ ինչպես կցանկանային, որ դա լիներ։  

Ըստ գործող կարգի՝ մեկ անձից գնում կարելի է անել, բայց տվյալ գերատեսչությունը պետք է պարտադիր կերպով ընկերություններին հարցում ուղարկի, որպեսզի պարզի, թե այս կամ այն ընկերությունն ինչ գին է առաջարկում տվյալ ծառայության համար։

Ներքին գործերի նախարարությունը պաշտոնական հարցումներ է կատարել ապահովագրական ընկերություններին և ստացված պատասխանների համաձայն՝ ամենամատչելի առաջարկը ներկայացրել է «ՍԻԼ ինշուրանս» ընկերությունը: Մասնավորապես, «ԿԱՍԿՈ» ապահովագրության համար «Նաիրի ինշուրանսը» ներկայացրել է ավտոմեքենաների արժեքի 2,8 տոկոս, «Արմենիա ինշուրանսը»՝ 5,5 տոկոս, «ՍԻԼ Ինշուրանսը»՝ 1,7 տոկոս, «Ինգոր Արմենիան»՝ Շկոդա մեքենաների համար 7 տոկոս, «Տոյոտա» ավտոմեքենաների համար՝ 2,4 տոկոս, «ՌԵՍՈ» ընկերությունը՝ 3,2 տոկոս, «Ռոսգոսստրախը»՝ 2,5 տոկոս: ԱՊՊԱ տեսակի ապահովագրության համար «ՍԻԼ ինշուրանսը» 2,5 մլն դրամով ավելի ցածր գին է առաջարկել, քան մյուս ընկերությունները և այդ պատճառով նախարարությունը պայմանագիր է կնքել հենց «ՍԻԼ  Ինշուրանսի» հետ։

Այսպիսով, պետությունը՝ ի դեմս ՆԳ նախարարության, մեքենաների ապահովագրության հարցում որոշել է ավելի քիչ գումարով ստանալ ապահովագրական ծառայություն։ Այսինքն՝ որոշում է ընդունվել խնայել պետական փողերը։

Հիմա եթե հակառակը լիներ և ծառայությունը գնվեր բարձր գին առաջարկող ընկերություններից, նույն հրապարակումների հեղինակները քննադատելու էին իշխանություններին պետական միջոցները քամուն տալու համար։

Հայաստանում իշխանությունների ցանկացած քայլ թիրախավորելը՝ որոշ շրջանակների համար դարձել է, այսպես ասած, «պարապ վախտի խաղալիք»։ Չունես այլ զբաղմունք՝ քննադատի իշխանությանը, առանց խորանալու՝ թե արդյոք քննադատությունը հիմնավորված է, թե ոչ։

Բնականաբար, իշխանության քայլերը պետք է լինեն մամուլի ուշադրության կենտրոնում, սակայն այն չպետք է դառնա ինքնանպատակ զբաղմունք և այլոց պախարակելու կամ հեղինակազրկելու արշավ։

Տվյալ դեպքում, քանի որ «ՍԻԼ Ինշուրանսը» պատկանում է Սուքիասյան ընտանիքին, հրապարակումների պատվիրատուները պահը որոշել են չկորցնել և խնդիրն ուսումնասիրելու փոխարեն սկսել են այն քաղաքականացնել՝ թիրախավորելով թե իշխանություններին և թե Սուքիասյան ընտանիքին։

Նման հրապարակումների պատվիրատուները վաղուց հայտնի են։ Դա հիմնականում այն շրջանակներն են, որոնք իրենց իշխանության տարիներին պետության և սեփական փողը տարբերելու սովորություն չունեին և հաճախ  պետական գործող կարգերն անտեսելով՝ պետության գրպանից փողը դնում էին սեփական գրպանը։

779