Քիչ առաջ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ իր որոշումները:

Դատարանը, բավարար չհամարելով Ադրբեջանի հավաստիացումներն ու հանձնառություններն առ այն, որ Ադրբեջանը շարունակում է ապահովել Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը, բավարարեց Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին՝

մինչև «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած ենթադրյալ ականապատման վերաբերյալ պահանջներին՝ Դատարանն ամբողջությամբ մերժել է այդ պահանջները:

Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշումների կատարմանը և ծանուցելու է դատարանին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի քննության ողջ ժամկետի ընթացքում ի հայտ եկած ցանկացած խախտման մասին։

930