
Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Խաշթառակ համայնքի բնակիչ Ս.Հ.-ի և նրա դստեր Մ.Հ.-ի կողմից իրենց հետ համատեղ բնակվող անչափահաս երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև՝ ծանր մարմնական վնաս պատճառելու հետևանքով անզգուշությամբ նրանցից մեկին մահ պատճառելու դեպքով քրեական վարույթի նախաքննությունը։
Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերրի վարչությունից՝ նշելով, որ մեղադրանք է ներկայացվել երեխաների պապին ու մորը:
Այսպես. 2020թ. օգոստոսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2020թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում գտնվող իրեն պատկանող տանը, հանգիստը խանգարելու պատճառով, Ս.Հ.-ն ձեռքով հարվածել է իր 6-ամյա անչափահաս թոռան դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել հատակին, գլխով հարվածել բազմոցի ոտնակին՝ ստանալով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: 2020թ. օգոստոսի 25-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 6-ամյա երեխան մահացել է ստացած մարմնական վնասվածքներից:
Բացի այդ, նույն օրը՝ երեկոյան, իրենց առանձնատան բակում, իր վրա անվադող նետելու համար, տղամարդը փայտով մի քանի անգամ հարվածել է մյուս անչափահաս թոռան՝ դեպքի պահին 4 տարեկան երեխայի մարմնի տարբեր մասերին, ապա վեր է բարձրացրել նրան և գցել հատակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:
Պարզվել է նաև, որ տղամարդը իր դստեր հետ, ով հանդիսանում է երեխաներից 4-ի մայրը, երկուսի հորաքույրը, իրենց առանձնատանը համատեղ բնակության ընթացքում, մինչև 2020թ. օգոստոսի 16-ն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, տարբեր կենցաղային առիթներով դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ են հասցրել 6 անչափահաս երեխաների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով միջին ծանրության և ծանր մարմնական վնասվածքներ, ինչպես նաև հոգեկան ուժեղ տառապանք:
Վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հարուցված քրեական հետապնդման հիման վրա Ս.Հ.-ին և Վերջինիս դստերը վերջնական մեղադրանք է ներկայացվել:
Նրանց նկատմամբ նախնական փուլում որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելքով:
2023թ. հունվարին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել 5 անչափահաս երեխաների նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց՝ «պաշտպանվող անձին մոտենալու կամ նրանց հետ շփվելու սահմանափակում» կիրառելու մասին և որոշման մեկ օրինակն ուղարկվել է «ՍՈՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի Իջևան մասնաճյուղի տնօրենին։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:
Հիշեցնենք՝ Խաշթառակի այս աղմկահարույց դեպքը քննարկվում էր ու լուսաբանվում շաբաթներ շարունակ:
Թոռներին ծեծելու մեղադրանքով կալանավորվել էր 57-ամյա տղամարդը, որը Խաշթառակում դաժան ծեծի էր ենթարկել իր 4 և 6-ամյա թոռներին։
Նույն օրը նրա յոթ թոռները տեղափոխվել էին բուժկենտրոններ՝ կապտուկներով և մկնդեղից թունավորված: Երկու օր անց ծեծի ենթարկված 6-ամյա երեխան այդպես էլ գիտակցության չգալով մահացել էր:
Գործով կար մեկ մեղադրյալ ևս՝ երեխաների քեռու կինը, որը սկզբում «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»-ում էր, այնուհետ այնտեղից արյունահոսությամբ, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Սևանի բուժկենտրոն, ուր և մահացել էր:
Նա մեղադրվում էր իր հինգ և ամուսնու քրոջ երկու երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու մեջ: