Factor TV-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանը իր ֆեյսբուքյան էջում ներողություն է խնդրել երեկ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրակովին տված հարցի համար․ «Ձեր կարծիքները իմ լրագրողական գործունեության` դրական և բացասական կողմերի մասին ընդհանրապես կարևոր են ինձ համար, ուստի՝ ցանկանում եմ պարզաբանել, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչին նման բովանդակությամբ հարց տրվել է մրցակից թիմի «ով» լինելու հանգամանքով։

Այո, նման ենթատեքստերը դուրս են սպորտային կյանքից և լուսաբանումներից, և ընդունում եմ՝ պետք էր հարցն առավելապես ձևակերպել ֆուտբոլային տիրույթում, ինչը համարում եմ իմ մասնագիտական թերացումը (բայց և ինքնակրթումը սեփական փորձով, ձախողման հաշվին) և ներողություն եմ խնդրում ֆուտբոլասեր լսարանից»։

Նշենք, որ երեկ տեղի էր ունեցել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման նախօրեին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը, որի ժամանակ Factor TV-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանը հարցրել էր․ «Դուք ի՞նչ կանխատեսումներ ունեք, Հայաստանը կհաղթի՞ թե՞ կպարտվի, և պատրաստ եք պարտության դեպքում հրաժարական տալ»։  

Նարեկ Կիրակոսյանը հաղթանակ է մաղթել ազգային հավաքականին, իսկ երկրպագուներին՝ դիտարժան խաղ։ 

3898