Մամուլը, այս անգամ «Ազատություն» ռադիոկայանը, հերթական պսևդո հրապարակումն է ներկայացրել։ Լրատվամիջոցը թերևս որոշել է հետ չմնալ հայկական դեղնին մամուլից և ձեռնամուխ է եղել ամեն գնով հասնել «պատվավոր դեղին մամուլ» կոչմանը։
 

Իսկ դեղին մամուլին հանգիստ չի տալիս այն փաստը, որ իշխանության ներկայացուցչի հետ փոխկապակացված անձի ընտանիքին պատկանող ընկերությունը՝ առողջ մրցակցությամբ ու առանց կարգը խախտելու կարողանում է ցածր գնով ծառայություններ մատուցել պետությանը, իսկ պետությունն էլ այդ գործարքներից կարողանում է տնտեսել պետական միջոցները։
 

Խոսքն այս անգամ կրկին վերաբերում «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերությանը, որը պատկանում է Սուքիասյան ընտանիքին։ Դեռևս մեկ ամիս առաջ լրատվամիջոցներն անդրադարձել էին հարցին ու իբր սկանդալային լուր տարածել էին, որ ՀՀ ՆԳ նախարարությունն իր ենթակայության տակ գնտվող մեքենաներն ապահովագրել է «Սիլ Ինշուրանս» ընկերությունում։ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն էլ կառավարության նիստի ժամանակ պարզաբանել էր իրավիճակը և նշել, որ ոստիկանության ավտոմեքենաների «Կասկո» համակարգով ապահովագրության ծառայության ձեռքբերումն իրականացվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ մեկ անձից գնում կատարելու եղանակով: Սակայն, մեկ անձից գնում կատարելու կարգում խախտում չի եղել, քանի որ ըստ գործող կարգի՝ մեկ անձից գնում կարելի է անել, բայց տվյալ գերատեսչությունը պետք է պարտադիր կերպով ընկերություններին հարցում ուղարկի, որպեսզի պարզի, թե այս կամ այն ընկերությունն ինչ գին է առաջարկում տվյալ ծառայության համար։
Ներքին գործերի նախարարությունը պաշտոնական հարցումներ էր կատարել ապահովագրական ընկերություններին և ստացված պատասխանների համաձայն՝ ամենամատչելի առաջարկը ներկայացրել է «ՍԻԼ ինշուրանս» ընկերությունը:
 

Մասնավորապես, «ԿԱՍԿՈ» ապահովագրության համար «Նաիրի ինշուրանսը» ներկայացրել է ավտոմեքենանների արժեքի 2,8 տոկոս, «Արմենիա ինշուրանսը»՝ 5,5 տոկոս, «ՍԻԼ Ինշուրանսը»՝ 1,7 տոկոս, «Ինգոր Արմենիան»՝ Շկոդա մեքենաների համար 7 տոկոս, «Տոյոտա» ավտոմեքենաների համար՝ 2,4 տոկոս, «ՌԵՍՈ» ընկերությունը՝ 3,2 տոկոս,«Ռոսգոսստրախը»՝ 2,5 տոկոս: ԱՊՊԱ տեսակի ապահովագրության հմար «ՍԻԼ ինշուրանսը» 2,5 մլն դրամով ավելի ցածր գին է առաջարկել, քան մյուս ընկերությունները և այդ պատճառով նախարարությունը պայմանագիր է կնքել հենց «ՍԻԼ Ինշուրանսի» հետ։
 

Այսպիսով, պետությունը՝ ի դեմս ՆԳ նախարարության, մեքենաների ապահովագրության հարցում որոշել է ավելի քիչ գումարով ստանալ ապահովագրական ծառայություն։ Այսինքն, որոշվել էր խնայել պետական փողերը։
 

Թվում էր, թե հարցը պարզաբանվել է և անհանգստացնող խնդիրներ չպետք է լինեին։ Սակայն չգիտես ինչու՝ «Ազատություն» ռադիոկայանը որոշել է կրկին անդրադառնալ թեմային, այսպիսով թերևս կասկածի տեղիք տալով, որ լրատվամիջոցին հետաքրքրում է ոչ թե իարականությունը, այլ քաղաքական պատվերով մեդիահետապնդումը՝ «Սիլ Ինշուրանս» ընկերության սեփականատերերի նկատմամբ։

Իսկ նման ենթադրության տեղիք տալիս է այն հանգամանքը, որ լրատվամիջոցները, այս դեպքում «Ազատությունը», շատ շուտ են մոռացել, թե պետական գնումների համակարգում ինչ էր կատարվում տարիներ առաջ։ Թե ինչպես էին ՀՀ նախկին նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ անմիջապես փոխկապակցված ընկերությունները իբր շահում բոլոր պետական մրցույթները։ Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված՝ «Նարիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունը, անհամեմատ բարձր գներ առաջարկելով էր հաղթում պետական գնումների մրցույթները, մինչդեռ այդ տարիներին՝ «Սիլ ինշուրանսը», որը ցածր գին էր առաջարկում, չէր հաղթում որևէ մրցույթ։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ապահովագրական ընկերությունը՝ պետության փողերով բարգավաճում էր, իսկ պետությունն աղքատանում։
 

Իսկ ինչ իրավիճակ է այսօր։ Տեղի է ունենում պետական գնումների մրցույթ, մասնակցում են բոլոր ցանկացողները, հաղթում է այն ընկերությունը, որը կարողանում է ցածր գնով պետությանն այս կամ այն ծառայությունը մատուցել։ Եթե հակառակը տեղի ունենար, և պետությունը որոշեր օգտվել բարձր գին առաջարկող ընկերությունների ծառայություններից՝ արյդո՞ք պսևդո տեղեկատվություն տարածող լրատվամիջոցների ստվերային հովանավորներն իրենց գրպանից կփոխհատուցեին պետության շռայլությունները։ Պատասխան կտայի՞ն՝ պետական միջոցները վատնելու համար, թե՞ կլռեին, իրենց բաժնից չզրկվելու համար։
 

Նման հրապարակումների հեղինակների պատվիրատուները վաղուց բացահայտված են։ Դրանք հիմնականում այն շրջանակներն են, որոնք իրենց իշխանության տարիներին պետության և սեփական փողը տարբերելու սովորություն չեն ունեցել։ Այդ մարդկանց հանգիստ չի տալիս այն, որ այսօր հնարավոր է առանց պետական ռեկետի՝ կառուցել մասնավոր-պետություն նորմալ հարաբերություններ։ Հրաբերություններ, որոնց շնորհիվ չի տուժում բիզնեսը, իսկ պետությունն էլ խնայված փողով կարողանում է ծածկել այն բոլոր անցքերը, որոնք բացվել էին պետական ռեկետով զբաղվող նախկին նախագահների իշխանության տարիներին։

783