
Կարգապահական վաշտում գտնվելու ժամանակահատվածը չի հաշվարկվելու որպես պարտադիր զինվորական ծառայության ընթացք: Այս մասին այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ փոփոխությունների նախագիծը ներկայացնելով՝ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
«Զինծառայողին կարգապահական խախտումներ թույլ տալու համար տեղափոխում են կարգապահական վաշտ, և գործող օրենսդրությամբ այդ ընթացքում զինծառայողները համարվում են զինծառայող և այդ ժամկետը հոսում է: Այս փոփոխություններով այլևս ծառայության ժամկետ չի համարվելու կարգապահական վաշտում գտնվելու ընթացքը»,- ասաց նա:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այս փոփոխությունը շատ կարևոր համարեց: «Սա առաջնահերթ է ազդելու ծառայության որակի վրա, որովհետև ոչ մեկը չի ուզենա կարգապահությունը խախտելով հավերժ մնա ծառայության մեջ»,-ասաց նա:
Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ նաև Ազգային ժողովում ուրբաթ օրվա միջադեպին: «Երեկ էլ նայում եմ այդ տհաճ միջադեպից հետո երկու պատգամավոր ասում են, որ՝ մենք հանդիպեցինք մեր գործընկերոջ հետ, և նա մարտական էր տրամադրված։ Այսինքն՝ պետաիրավականում մարտական գործողություննե՞ր էին եղել և մարտական տրամադրությունները շարունակվու՞մ էին»,- հավելեց նա: