
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել կրթության բնագավառում տեսչական մարմնի վերահսկողության համապարփակ գործունեությունը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ին գումարված նիստում ներկայացնելով «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ:
Պետրոս Մարտիրոսյանի խոսքով կսահմանվեն կրթության բնագավառում տեսչական վերահսկողության շրջանակը, նպատակն ու խնդիրները: Օրենսդրական փաթեթով մանրամասն կարգավորվում են կրթության տեսչական մարմնի վերահսկողության ուղղություններն ու վերահսկողական գործիքակարգը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Զեկուցողը տեղեկացրել է, որ նախագծերի փաթեթն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում լրամշակվել է. վերաձևակերպվել են կրթության բնագավառի տեսչական վերահսկողության նպատակներն ու խնդիրները, առավել շեշտադրվել է սովորողների կրթության իրավունքի, կրթության հասանելիության և կրթական ծրագրերի հնարավորությունների ապահովումը:
Տեսչական մարմնի լիազորությունները վերաշարադրվել են ըստ կրթության բնագավառի առանձին ոլորտների, սահմանվել են տեսչական մարմնի վերահսկողության ուղղությունները, ինչպես նաև միասնականացվել են վերահսկողական գործիքներից տեսչավորման և դիտարկման կարգը սահմանող հոդվածները:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաև ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Անդրադառնալով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարված փոփոխություններին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ ձևակերպվել է «կրթահամալիր» հասկացությունը:
Հիմնական զեկուցողը նշել է, որ գործող կարգավորմամբ յուրաքանչյուր կրթական մակարդակի համար սահմանված են հավաստագրման գործընթացներ:
Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվում է սահմանել միասնական հավաստագրման գործընթացի կարգն ու դադարեցման հիմքերը:
Հիմնական զեկուցողները պատասխանել են նաև պատգամավորների հարցերին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին: