Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 6-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը:

Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ընդգծելով, որ միջխորհրդարանական հանձնաժողովը դարձել է արդյունավետ հարթակ Հայաստանի և Ռուսաստանի օրենսդիր, գործադիր իշխանությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների միջև բաց և կառուցողական երկխոսության համար՝ ԱԺ նախագահը հավելել է. «Այսօր, ավելի քան երբևէ, կարևոր է դիմադրել պատմությունը խեղաթյուրելու փորձերին և պահպանել պատմական ճշմարտությունը: Այս ոլորտում խորհրդարանական համագործակցությունը կարևոր դերակատարություն ունի»: Խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ այս հերթական հանդիպումը ևս մեկ քայլ կլինի Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության խորացման և զարգացման գործում:

Ողջույնի խոսքում ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոն ևս կարևորել է միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը երկու երկրների ու ժողովուրդների համագործակցության և բարեկամության ամրապնդման հարցում: Դաշնության խորհրդի նախագահի խոսքով՝ Ռուսաստանը կարևոր նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցությանը եղբայրական Հայաստանի և հայ ժողովրդի հետ: Այնուհետև Վալենտինա Մատվիենկոն խոսել է հաղթանակի կերտման հարցում ԽՍՀՄ ժողովուրդների ընդհանուր պայքարի և հաղթանակի մասին: Անդրադարձ է եղել խորհրդարանական փոխգործակցության ակտիվացմանն ուղղված քայլերին, միջտարածաշրջանային, մշակութային ու կրթական ծրագրերի իրականացմանը:

Նիստին մանսակցել են վետերաններ Ռոզալիա Աբգարյանը և Ներսես Սիմոնյանը: Բացման խոսքում Ռոզալիա Աբգարյանը խոսել է պատերազմի ընթացքում հայ ժողովրդի հերոսական կեցվածքի ու խիզախության մասին:

Նիստի օրակարգային թեման «Մեծ հաղթանակի 80-ամյակ. պատմական հիշողության պաշտպանության միասնություն ապագա սերունդների համար» հարցն էր:

Բացման խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանն անդրադարձել է հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցությանը, գոհունակությամբ ընդգծել այն հանգամանքը, որ հանձնաժողովի աշխատանքը պլանավորված իրականացվում է նաև դինամիկ բնույթ կրող կանոնավոր հանդիպումների շնորհիվ:

Խոսելով նիստի օրակարգային հարցից՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի նշանակալի դերը, որը զգալի ներդրում ունեցավ ֆաշիզմի դեմ հաղթանակում՝ ցույց տալով հերոսության, տոկունության և անձնուրացության ակնառու օրինակներ: Մոտ 600 հազար հայ կռվել է խորհրդային բանակում բոլոր ճակատներում՝ Կովկասից մինչև Եվրոպա: Նրանց կեսը չի վերադարձել մարտադաշտից:

ԱԺ փոխխոսնակը կարևորել է պատմական հիշողության պահպանմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելը: Այս առումով նա հիշատակել է «Հիշողության գնացք» միջազգային նախագծի մասին, որը միավորում է տարբեր երկրների երիտասարդների՝ հնարավորություն տալով ճանաչել պատմությունը, այցելել հուշահամալիրներ և խորությամբ հասկանալ հաղթանակի նշանակությունը:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը, ողջունելով հայ գործընկերներին, խոսել է հաղթանակի հոբելյանական տարվա ընթացքում Ռուսաստանում անցկացվող տոնական միջոցառումների մասին: «Միշտ կհիշենք եղբայրական հայ ժողովրդի սխրանքների մասին: Երիտասարդությունը պետք է իմանա ճիշտը պատերազմի, խաղաղ բնակչության տանջանքների ու սխրանքների մասին»,- ընդգծել է զեկուցողը:

Նրա խոսքով՝ երկու երկրներին միավորում են ոչ միայն ընդհանուր հաղթանակն ու պատմությունը, այլև տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցությունը:

Համանախագահի գնահատմամբ՝ այսօր երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են տարբեր ուղղություններով: Այս համատեքստում Յուրի Վորոբյովը կարևորել է միջտարածաշրջանային փոխգործակցությունը, որին մեծ ուշադրություն է դարձնում միջխորհրդարանական հանձնաժողովը:

Հայկական կողմից թեմայի շրջանակում ելույթներ են ունեցել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ Վահե Ղալումյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Սեյրան Օհանյանը, ռուսական կողմից՝ Կրասնոյարսկի երկրամասի, գիտական ու փորձագիտական շրջանակի ներկայացուցիչներ: Նրանք անդրադարձել են պատերազմի ընթացքում հայ զինվորների սխրանքներին, տարեդարձի առթիվ անցկացվող միջոցառումների կարևորությանը: Կարևորվել է հանձնաժողովի շրջանակում երիտասարդական հարթակի ստեղծումը: Խոսվել է երկկողմ համագործակցության, պատմական ու մշակութային ժառանգության պահպանման կարևորության մասին: Ընդգծվել է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:

 

Նիստի ավարտին որոշվել է միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահների հաջորդ հանդիպումն անցկացնել Սոչիում:

101