Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի արտահերթ նստաշրջանում քննարկվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով սահմանված են ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները և պայմանները:

Նշված կարգավորումների համաձայն՝ համայնքի կողմից ներհամայնքային ուղևորափոխադրումները կարող են կազմակերպվել նաև 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից, որի դեպքում փոխադրավարձի արժեքը սահմանում է համայնքի ավագանին:

Նշված օրենքի կարգավորումներից բխում է, որ փոխադրավարձը սահմանվում է որպես ծառայության արժեք, այլ ոչ թե տեղական վճար, սակայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի կարգավորումներից բխում է, որ համայնքի ավագանին կարող է համայնքի մատուցած ծառայությունների համար սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող տեղական վճարներ:

Բացի դրանից՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով մանրամասն կարգավորված է տեղական տուրքերի և վճարների սահմանման, դրանց վճարման արտոնությունների տրամադրման և գանձման հետ կապված հարաբերությունները, ուստի առաջարկվում է ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար վճարները նույնպես սահմանել տեղական վճար՝ ծառայությունը «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից մատուցվելու դեպքում:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ Երևան համայնքում նշված ծառայությունները մատուցվում են տարբեր տրանսպորտային միջոցներով, մասնավորապես՝ ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն, առաջարկվում է համայնքի ավագանու համար ստեղծել հնարավորություն մեկ միասնական տեղական վճար սահմանելու համար, ինչը հնարավորություն կտա նաև քաղաքացիներին, վճարելով մեկ անգամ, օգտվել բոլոր տրանսպորտային միջոցներից՝ իրենց հայեցողությամբ, արդյունքում փոխադրվել առավել հարմարավետ և արագ:

ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև սահմանել վարչական տուգանք՝ առանց տեղական վճարի վճարման ծառայությունից օգտվող անձանց համար, սահմանվում է վարչարարության իրականացման առանձնահատկություն, ինչպես նաև առաջարկվում է ներդնել նշված զանցանքների կանխարգելման և բացահայտման համար գործուն մեխանիզմներ:

«Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է կանոնակարգել և հստակեցնել համայնքներում ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների հետ կապված իրավահարաբերությունները և սահմանել վարչական պատասխանատվություն՝ ծառայություններից առանց վճարման օգտվող անձանց համար»,- պարզաբանեց Սիմոնյանը: 

Նախագծերի փաթեթը մշակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից:

273