
Հետհաշվարկը սկսվել է։ Այս ուրբաթ կմնա 40 օր մինչև Եվրատեսիլյան շաբաթվա մեկնարկը, որը կսկսվի Լիվերպուլում «փիրուզագույն գորգի» բացման արարողությամբ։ Այս մասին գրում է BBC-ի երաժշտական թղթակից Մարկ Սավաժը՝ ներկայացնելով բոլոր 37 երգերը և նրանց հաղթելու հնարավորությունները։
Նա նշել է, որ սա բոլորին դասակարգելու խիստ սուբյեկտիվ փորձ է՝ միաժամանակ խոստովանելով, որ «հաղթողին գուշակելու սարսափելի փորձ ունի»:
Ըստ նրա կանխատեսումների՝ Հայաստանի ներկայացուցիչ երգչուհի Brunette-ը իր «Future Lover» երգով կհայտնվի լավագույն 10-յակում։
«Brunette-ը 21-ամյա Էլեն Երեմյանի բեմական անունն է, որը Հայաստանում մեծ թվով երկրպագուներ ունի։ Նա հատուկ Եվրատեսիլի համար գրել է այս ցանկալի բալլադը իր սիրեցյալի մասին, ում դեռ չի հանդիպել։ Գեղեցիկ ռիթմիկ, ռեփ ոճի կրկներգ ու երգչախմբի համադրություն․ սա տարօրինակ կերպով անդիմադրելի է»,- գրում է հեղինակը։
Նրա կարծիքով՝ «Եվրատեսիլ 2023»–ում կհաղթի Շվեդիան՝ երգչուհի Loreen-ն իր «Tattoo» երգով։
Թոփ 5-յակում, ըստ թղթակցի, կլինեն Ավստրիան, Ֆինլանդիան, Նորվեգիան և Սլովենիան։