Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 21-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների քանակի կտրուկ նվազման խնդրի կարգավորման նպատակով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսները պատմականորեն հիմնականում օգտագործվում էին խմելու և ոռոգման նպատակներով: 2006թ.-ից սկսած այնտեղ սկսեցին գործել մեծ քանակությամբ ձկնաբուծարաններ: Բավականին կարճ ժամանակահատվածում ձկնաբուծությունը դառնում է Արարատյան դաշտի ամենառեսուրսատար ջրօգտագործումը:
2013թ.-ին ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրի քանակը գերազանցեց կայունության շեմը /տարեկան կտրվածքով սպառվում էր մոտ 1,6 անգամ ավել ջուր, քան հասցնում էր ձևավորվել/, ինչն էլ պատճառ հանդիսացավ արտեզյան ստորերկրյա ջրերի ճնշման կտրուկ անկմանը: Դա բերեց ստորերկրյա ջրերի քանակի կտրուկ նվազմանն ու հյուծմանը՝ որպես հետևանք կտրուկ նվազեցնելով հորերի ջրատվությունը, իսկ որոշ աղբյուրների ընդհանրապես ցամաքեցմանը:
Ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել կրճատել, կանոնակարգել և նորմավորել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների օգտագործումը, որի համար նախատեսվում է իրականացնել խորքային հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքներ։
Շրջակա միջավայրի նախարարի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը 2021-ին իրականացրել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների փաստացի վիճակի, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվություններով տրված պայմանների կատարման ուսումնասիրություն։ Հստակեցվել է առաջնահերթ կոնսերվացվող կամ լուծարվող խորքային հորերի քանակը՝ 29 խորքային հոր:
ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում խորքային հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով 2022 թվականի դեկտեմբերի 1-ին կնքվել է պայմանագիր «Արման-Թաման» ՍՊԸ-ի հետ, ինչի գինը կազմում է 1,1 միլիոնՀ դրամ, իսկ խորքային հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքների նպատակով հայտարարված մրցույթի արդյունքներով 2022 թվականի դեկտեմբերի 19-ին կնքվել է պայմանագիր «Եդեմ գրուպ» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրի ընդհանուր գինը կազմում է 67 մլն 828 հազար դրամ։
Հատկացվելիք գումարի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 15 խորքային հորի կոնսերվացման և 14 խորքային հորի լուծարման աշխատանքներ։
Արարատյան դաշտի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման արդյունքում նախատեսվում է խնայել շուրջ 235.0լ/վրկ. ջրաքանակ։