Եվրասիական զարգացման բանկի կապիտալում Հայաստանի՝ ներկայիս 0.007 տոկոս մասնաբաժինն էապես կավելանա՝ կազմելով 4.23 տոկոս:

Այս մասին հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանն ԱԺ-ում՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:

Համաձայնագիրը ստորագրվել է մարտ ամսին: Այն կոչված է կարգավորելու Եվրասիական զարգացման բանկի կապիտալում ՌԴ մասնաբաժնի վերաբաշխման արդյունքում առաջացած իրավահարաբերությունները:

«Համաձայնագրով ռուսական կողմը պարտավորվում է ՀՀ սեփականությանը փոխանցել 64 մլն դոլար արժեքով 64 հազար բաժնետոմս, իսկ հայկական կողմը պարտավորվում է ապահովել մասնակցության մասնաբաժնի ընդունումը և վճարել համապատասխան մասնաբաժիններով առաջիկա 4 տարվա ընթացքում»,-ասաց փոխնախարարը:

2024-2027 թթ յուրաքանչյուր տարի նախատեսվում է 16 մլն դոլարին համարժեք ռուբլի վճարում կատարել այս ուղղությամբ: 64 մլն դոլար արժեքով բաժնետոմսերը ձեռք բերելու արդյունքում Հայաստանի ներկայիս 0.007 տոկոս մասնաբաժինն էապես կավելանա՝ կազմելով 4.23 տոկոս:

Իսկ թե ինչո՞ւ է անցյալ տարվա վերջին խորհրդի որոշմամբ տեղի ունեցել կապիտալի վերաբաշխում, փոխնախարարը պարզաբանեց՝ միջազգային վարկանիշային կազմակերպությունները, տվյալ դեպքում Standard & Poor's-ը, խորհուրդ է տվել, որ բանկն իր վարկանիշի պահպանման ու հետագայում բարելավման տեսանկյունից  դիվերսիֆիկացնի իր կապիտալը, մասնավորապես մեծացնի փոքր բաժնետերերի դերը կապիտալում: Այս քայլի արդյունքում Ռուսաստանի 65.98 տոկոս բաժնեմասը կնվազի շուրջ 44.8 տոկոս, իսկ մնացած 21.2 տոկոսը կբաշխվի հավասարաչափ բոլոր երկրների միջև:

Փոխնախարարն ասաց, որ այս քայլով Հայաստանը Ռուսաստանի հետ վերահաստատում է շահագրգռվածությունը՝ շարունակելու խորացնել հարաբերությունները Եվրասիական զարգացման բանկի հետ։

«Այս քայլը հնարավորություն կտա մեծացնել մեր վարկային պորտֆելը, ներդրումային պորտֆելը: Սահմանաչափը 287 մլն է, սա հնարավորություն կտա մինչև 500 միլիոնի բարձրացնել մեր սահմանաչափը ու մեր մասնավոր հատվածի սուբյեկտներին համապատասխան ֆինանսական ռեսուրներին հասանելիություն ապահովել»,- նշեց փոխնախարարը։

ԵԱԶԲ ներկայիս վարկային պորտֆելում Հայաստանն ունի 5.6 տոկոս կշիռ, որը 256 մլն դոլար է։ Նա նշեց, որ այդ ներդրումները բավականին մեծ դրական ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսության վրա, օրինակ՝ ավելի քան 200 նոր աշխատատեղ է ստեղծվել այդ ներդրումների արդյունքում:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 55 կողմ, 19 ձեռնպահ ձայներ:

555