
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել «Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ արձագանքման նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության» համաձայնագրի վավերացմանը։
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մանրամասներ է հայտնել, թե համաձայնագրի վերաբերյալ ի՞նչ հատուկ կարծիք է ներկայացրել ՀՀ-ն, և ի՞նչ վերապահումներ է ներկայացրել Ադրբեջանը։
Հայկական կողմն անհրաժեշտ է համարել նշել հետևյալը՝ սույն փաստաթղթի դրույթները ՀՀ-ի կողմից Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ կիրառվելու են 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ և 2021 թ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում ամրագրված բոլոր պայմանավորվածությունների իրականացման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ՀՀ օկուպացված տարածքների ամբողջական ազատման, ագրեսիայի հետևանքների վերացման և ԼՂ հակամարտության քաղաքական, դիվանագիտական կարգավորման արդյունքներով՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան՝ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված նպատակների իրագործման շահերից ելնելով:
Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի վերապահմանը՝ ապա նշվում է, որ Ադրբեջանն իրեն չի համարում կաշկանդված վերոնշյալ համաձայնագրի դրույթներով, քանի որ դրա մասնակիցը չէ, համաձայնագրի դրույթները Ադրբեջանի կողմից չեն կիրառվելու ՀՀ նկատմամբ՝ մինչև հակամարտության հետևանքների ամբողջական վերացումն ու ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացումը: