Այսօր՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, ոստիկանության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքից ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղից դեպի Հաղթանակի զբոսայգի տանող Սարալանջի հատվածում՝ արագաչափի հարևանությամբ, նռնակ է հայտնաբերվել և այն անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է սակրավորների օգնությունը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ոստիկանության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը, Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ (ավելի շատ հայտնի «Աստվածների») քննչական խումբը, ՀՀ ՆԳՆ ՓԾ սակրավորների խումբը, ովքեր վնասազերծել են «G-1» տեսակի նռնակը, որը եղել է առանց պայթուցիչի: Սակրավորները նռնակը հանձնել են քննչական խմբին:Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

763