Հայ-Ռուսական համալսարանում մայիսի 12-ին տեղի է ունեցել համալսարանի ընդհանուր ժողովը (կոնֆերանսը)՝ ռեկտորի ընտրության օրակարգով։

«ՀՌՀ-ի պրոֆեսորադասախոսական, վարչական կազմերից և ուսանողներից ընտրված պատվիրակները փակ գաղտնի քվեարկությամբ (216 կողմ և 147 դեմ ձայների հարաբերակցությամբ) տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանին ընտրել են ռեկտորի պաշտոնում: Մինչև քվեարկության մեկնարկը՝ ՀՌՀ ռեկտորի մեկ այլ թեկնածու, փ.գ.դ., պրոֆեսոր Պարգև Ավետիսյանն ինքնաբացարկ էր հայտնել։ 

Հիշեցնենք, որ Հայ-Ռուսական համալսարանի հայաստանյան համահիմնադիրը՝ ի դեմս ՀՀ ԿԳՄՍ նախարարի, համապատասխան գրություններով դիմել էր ռուսաստանյան համահիմնադրին և համալսարանի գործող ռեկտոր Արմեն Դարբինյանին՝ հայտնելով նաև ընտրության համար նախընտրելի թեկնածուների անունները: Դրանք էին՝ տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը և փ.գ.դ., պրոֆեսոր Պարգև Ավետիսյանը: Իսկ համալսարանի երկարամյա ռեկտոր, կոլեկտիվի միասնական թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը նախօրոք որոշում էր կայացրել չառաջադրվելու գալիք ընտրություններում՝ ելնելով սեփական առաջնահերթություններից», - հայտնում են համալսարանի մամուլի ծառայությունից։

1136