Ճապոնիան ՆԱՏՕ-ին անդամակցելու պլաններ չունի, իսկ երկրում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչություն բացելու մասին որոշում դեռ կայացված չէ։ Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ խորհրդարանի վերին պալատի լիագումար նիստի ժամանակ պատասխանելով պատգամավորների հարցերին։

«Ճապոնիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին ոչ որպես մշտական, ոչ որպես ասոցացված անդամ»,- ասել է նա։ Անդրադառնալով Ճապոնիայում դաշինքի ներկայացուցչություն բացելու հնարավորությանը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ թեման քննարկվում է, սակայն «առայժմ որոշումներ չեն ընդունվել»։

Միաժամանակ նա ընդգծել է, որ իր երկիրը կշարունակի ամրապնդել համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների և նրանց դաշնակիցների հետ՝ հաշվի առնելով այն բարդ մարտահրավերները, որոնց բախվում է միջազգային աշխարհակարգը։

372