Այդ գործով ԱԱԾ-ն իրականացրել է առաջին ձերբակալությունը և այդ մեկ տոննա կոկաինի հասցեատերը կարծես թե  բանանի հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը  նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող, և եթե չեմ սխալվում՝ ՀՀԿ անդամ, թեև չեմ  կարող որևէ մեկի անմեղության  կանխավարկածը խախտել: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով թմրամիջոցների բացահայտումներին:

Վարչապետն ասաց, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը Հայաստանում և ամբողջ աշխարհում շատ մեծ ծավալների է հասել, և կարող են ներգրավված լինել ամենատարբեր մարդիկ: «ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է հանցավոր խումբ և չի նախատեսում կուսակցական պատկանելություն, եթե պարզվի, որ մեկը ՀՀԿ անդամ է, մենք պետք է հանրապետականներին կուսակցական նախագահի գլխավորությամբ ձերբակալե՞նք, կարող են լինել տարբեր կուսակցությունների անդամներ, անկուսակցականներ, հավատացյալներ  և անհավատներ»,- ասաց նա:

Վարչապետը վստահեցրեց, որ որևէ մեկի կուսակցական պատկանելությունը ոչ հօգուտ, ոչ ընդդեմ չի կարող աշխատել: «Մենք, ցավոք, չենք կարող մտածել, որ թմրանյութերի շրջանառության ծավալները նվազում են, իսկ  ՀՀ-ն, բարեբախտաբար կամ դժբախտաբար, Մարս մոլորակի վրա չի, առանձին վերցված գլոբուսի վրա չենք ապրում»,- ասաց նա:

 

 

 

632