
ՆԳ նախարարության կողմից նախաձեռնվել և արտաքին շրջանառության է դրվել օրենսդրական փոփոխություն՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ առողջական պահանջները սահմանող իրավական ակտում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ծառայության ընդունվելիս թեկնածուին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները ստուգվում են համաձայն «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» թիվ 175 որոշման։
Ներքին գործերի նախարարության կողմից իրականացված համակողմանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գործող իրավակարգովորումը ոչ միայն չի համապատասախանում ներկայումս ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ընթացող համակարգային փոփոխությունների տրամաբանությանը, այլև չարդարացված խոչընդոտներ է ստեղծում այդ փոփոխությունների համար, ինչն արտահայտվում է, մասնավորապես, ոստիկանությունում կանանց ներգրավվածության ապահովման գործընթացում։
Առաջարկվող կարգավորման նպատակը ոստիկանությունում ծառայության ընդունվող թեկնածուի հասակին և քաշին ներկայացվող պահանջների օբյեկտիվ մեղմացումն է, նաև՝ ոստիկանության, ընդհանուր առմամբ անվտանգության ոլորտում ծառայությանը կանանց մասնակցության խթանումը, ինչպես և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչների համապատասխանելիության ապահովումը: Ուստի ՆԳ նախարարության կողմից նախաձեռնվել և արտաքին շրջանառության է դրվել օրենսդրական փոփոխություն՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ առողջական պահանջները սահմանող իրավական ակտում։