«Մենք բուքմեյքերական գրասենյակների գործունեությունն, ըստ էության փակեցինք, կամ էականորեն սահմանափակեցինք»,- այսօր կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և վիճակախաղերի օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթի քննարկման ժամանակ։ Նա նկատեց, որ, գրասենյակները թեպետ վերացան, բայց մարդիկ տերմինալներով կանխիկ միջոցներ էին դնում իրենց էլեկտրոնային դրամապանակներ և այնտեղից էին խաղադրույքներ իրականացնում։

Նախագծով առաջարկվում է կարգավորվել խաղային հաշիվների գումարային մուտքագրումների հետ կապված հարաբությունները և մասնավորապես ինտերնետ շահումով խաղերի դեպքում հատուկ խաղային հաշիվ սահմանել, որը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային՝ այդ թվում քարտային հաշվի մջոցով, և արգելվում է տոտալիզատորների մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուքագրել և ելքագրել կանխիկ եղանակով։ Նման հաշիվները համալրվում և գումար է ելքագրվում միայն անկանխիկ եղանակով։ Տոտալիզատորի մասնակցի հաշվի համալրումը կարող է կատարվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային հաշիվների միջոցով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց որ այս բարեփոխումը կարևորագույն և սկզբունքային է․ «Մենք ժամանակի ընթացքում փոխեցինք այդ կարգավորումը պահանջելով նույնականացում։ Արդյունքում ի հայտ եկավ նոր խնդիր, որը էականորեն կար. մարդիկ, որոնք, օրինակ, 27 հազար դրամ նպաստ են ստանում պետությունից, ամիսը 1 միլիոն կամ 200 հազար դրամի խաղադրույք են իրականացնում»,- նկատեց վարչապետը, նշելով, որ խաղամոլության խնդիր կարող են ունենալ նաև հատուկ ծառայությունների աշխատողները, ինչն իր հետ բերում է կոռուպցիոն և այլ ռիսկեր։ Ըստ վարչապետի` այս բարեփոխման գործընթացը կարծես թե վերջին փուլում է, սակայն զուտ խաղադրոյքների իրականացման մասով։ Խաղատնային գործունեություն մասով դեռեւս աշխատանք կա և կիրականացվեն լրացուցիչ հարկային կարգավորումներ։

 

681