Հայաստանի թեքբոլի թիմի առաջատար Գոռ Սարգսյանն ամփոփել է ելույթները Եվրոպական ամառային երրորդ խաղերում: Տղամարդկանց զուգախաղում Գոռն ու Ռաֆայելն այսօր կարողացան հաղթահարել խմբային փուլի արգելքն ու դուրս գալ քառորդ եզրափակիչ, որտեղ զիջեցին զուգախաղում աշխարհի գործող չեմպիոն սերբ մարզիկներին:
«Կարողացանք կատարել այն, ինչ մարզումների ժամանակ էինք անում, ինչի շնորհիվ էլ հաղթեցինք առաջին խաղում: Երկրորդ խաղում էլ շատ մոտ էինք հաղթելուն, կարծում եմ՝ լավ հանդես եկանք աշխարհի չեմպիոնի ու Եվրոպական անհատական խաղերի այս տարվա չեմպիոնի՝ ռումինացի Ապոր Գյորգիդեկի ու նրա թիմի հետ մրցավեճում: Երրորդ մրցաշարն անընդմեջ դուրս ենք գալիս քառորդ եզրափակիչ ու կարծում եմ՝ արդեն որոշ չափով մեր ուժն ապացուցել ենք աշխարհին: Հաջորդ քայլով պետք է փորձենք ավելի առաջ գնալ»,- ասում է Գոռ Սարգսյանը:
Ռումինիայի դեմ խաղում մրցավարական կոպտագույն սխալները Գոռի գնահատմամբ ազդեցին արդեն քառորդ եզրափակչի՝ Սերբիայի դեմ խաղում:
«Կարծում եմ՝ մենք շատ լավ խաղացինք ու արժանի էինք հաղթանակի, բայց սպորտում լինում են նման անարդարություններ, պետք է համակերպվել: Ինչ վերաբերում է Սերբիայի դեմ խաղին, ապա այո կար հոգեբանական ճնշվածություն, բայց նրանք գործող աշխարհի չեմպիոններ էին ու արժանիորեն հաղթանակ տարան: Դեռ շատ պետք է աշխատենք նրանց մակարդակին հասնելու համար»:
Նշենք՝ թեքբոլի տղամարդկանց զուգախաղի կիսաեզրափակչում միմյանց հետ հանդիպել են հենց Ռումինիայի և Սերբիայի թիմերը, որտեղ սերբերը 2-0 հաշվով դժվարին հաղթանակ են տարել (երկու սեթում՝ 12-11, 12-11):
Գոռի խոսքով՝ Եվրոպական խաղերն իրենց համար կարևոր փորձառություն էր.
«Կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի հաջորդ խաղերին էլի մենք լինենք դաշտում ու մեր ազգի պատիվն ավելի բարձր պահենք»,- եզրափակում է մարզիկը:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականներն ավարտել են իրենց ելույթները Եվրոպական ամառային երրորդ խաղերում՝ նվաճելով 3 մեդալ՝ մեկ արծաթե ու երկու բրոնզե:
Խաղերի փոխչեմպիոն են հռչակվել հրաձիգներ Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը՝ 10մ, 30+30 կրակոց թիմային միքս վարժությունում դառնալով ոսկե մեդալակիր և սահմանելով Եվրոպական խաղերի ռեկորդ, իսկ բրոնզե մեդալակիրներ են դարձել կարատեիստ Անիտա Մակյանն ու մուայթայիստ Նարեկ Խաչիկյանը:
Կրակովում անցկացվել է նաև կայծակնային շախմատի Եվրոպայի զույգերի առաջին առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմը՝ ի դեմս Էլինա Դանիելյանի և Շանթ Սարգսյանի, նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Անհատական հաշվարկում Էլինան գրավել է առաջին, իսկ Շանթը՝ երկրորդ տեղը:
Աղբյուրը՝ armsport.am: