

Այսօր համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ռուս խաղաղապահները հեռացնում ՀՀ տարածքում տեղադրված ադրբեջանական դրոշը։ Շատ լրատվական կայքեր գրել էին, թե ռուս խաղաղապահները հեռացրել են դրոշը այսօր` հուլիսի 7-ին։
Սակայն տեսանյութն ուշադիր նայելով դժվար չէ նկատել՝ տեսագրության վրա հստակ նշված է հունիսի 15, այսինքն՝ այն արվել է նույն օրը, երբ Ադրբեջանի մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։
Այդ օրը առաջին անգամ դրոշը տեղադրելուց հետո ռուս խաղաղապահները հեռացրել են այն, սակայն դրանից հետո դեպքի վայր է ժամանել Լենցովը, խաղաղապահները կենդանի պատ են կազմել դրոշ տեղադրողների դիմաց, որպեսզի ՀՀ կողմից կրակոց չհնչի, ու հենց Լենցովի ներկայությամբ կրկին տեղադրվել է Ադրբեջանի դրոշը (որի կադրերն այդ օրը հրապարակվել են), իսկ Հայաստանի կողմից հնչած կրակոցներից հետո բոլորը փախել են, այնուհետև հայ դիպուկահարներին հաջողվել է դիպուկ կրակոցի արդյունքում տապալել ադրբեջանական դրոշը։
Մեկ անգամ եւս ներկայացնում ենք այսօր տարածված տեսանյութը.