«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, նրա կինն ու որդին՝ Վարդիթեր Խաչատրյանն ու Գարիկ Առուստամյանը, ծանուցումներ են ստացել:

Դրանք վերաբերում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթին. օգոստոսի 3-ին հիշյալ անձինք պետք է ներկայանան ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Այս մասին տեղեկանում ենք azdarar.am հարթակից։ Ծանուցագրերում նշված է, որ հայր և որդի Առուստամյաններին ու Վարդիթեր Խաչատրյանին պատկանող գույքի առնչությամբ  կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։   

Սեդրակ Առուստամյանը անցնում է մի քանի քրեական գործով, մասնավորապես՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում ֆինանսական և կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումների։ 

Ճանապարհաշինարարական վերոնշյալ խոշոր ծրագրում ներգրավված «Սթոնս» ՍՊ ընկերության փաստացի ղեկավար Ս. Առուստամյանից բացի՝ կեղծ ձեռնարկատիրության, փողերի լվացման, հարկեր, տուրքեր, այլ պարտադիր վճարներ չվճարելու և Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել ընկերության աշխատանքները վերջինիս հետ համակարգողներ Գուրգեն Սարգսյանին ու Սուրեն Ավագյանին, «Սթոնս»-ի գլխավոր հաշվապահին ու երկու աշխատակցուհիների, պոլիգրաֆիական արտադրանքի տպագրությամբ զբաղվող Ա/Ձ աշխատակցուհուն:

Ըստ Քննչական կոմիտեի՝ 2008-2010 թվականներին տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանը Առուստամյանի և այլ անձանց գործակցությամբ «Սթոնս» ընկերությանը իբր մատուցված ծառայությունների համար դուրս է գրել ընդհանուր 177 միլիոն դրամի կեղծ հարկային հաշիվներ։ Գումարի մեծ մասը փոխանցվել է Սեդրակ Առուստամյանին:

Նախաքննության ընթացքում որպես վնասի հատուցման երաշխիք՝ Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին փոխանցվել է 1 միլիարդ դրամ: 

Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է նաև ևս երկու քրեական գործով։ Մեկն առնչվում է  «Մուլտի գրուպ»-ի կողմից Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, ձեռնարկած շինարարությանը։ Առուստամյանը այս գործով մեղադրվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ շինարարությունը չդադարեցնելու համար։

1390