Ցանկանում եմ ամփոփել Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում հուլիսի 21-ին տեղի ունեցած՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստը: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Հակբ Արշակյանը և կից լուսանկարներ հրապարակել: 

«Ավանդույթի համաձայն՝ նիստերն անց են կացվում մայրաքաղաքներից դուրս՝ խթանելով Հայաստանի մարզերի և Ռուսաստանի երկրամասերի միջև ապակենտրոն համագործակցությունը։ Նիստի օրակարգում էին Հայաստանի և Ռուսաստանի միջև գիտակրթական համագործակցությունը, ինչպես նաև միջտարածաշրջանային փոխգործակցությունը: Ի թիվս օրակարգային հարցերի՝ նիստի ընթացքում բարձրաձայնեցի նաև Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը։

Գործընկերներին տեղեկացրի տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակի և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ վարվող ցեղասպանական քաղաքականության և Հայաստանի նկատմամբ վարվող զավթողական քաղաքականության վերաբերյալ։ ՌԴ ԴԺ նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն անդրադարձավ Հայաստանում «Գույք պարտքի դիմաց» 2002 թ․ Ռուսաստանին փոխանցված գործարանների և ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործման հարցին։ Արձանագրվեց, որ այդ ուղղությամբ ռուսական կողմը քայլեր կձեռնարկի։ Անդրադարձ կատարվեց նաև Հռոմի ստատուտի վավերացմանը վերաբերող հարցերին և մտահոգություններին։ Կարևոր է արձագանքել, որ միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում հայկական դպրոցներում բացվում են ինժեներական լաբորատորիաներ, հայկական դասագրքերը Ռուսաստանում հասանելի են դառնում հայերեն կրթություն ստացող աշակերտներին, հայկական դպրոցներում ռուսական դասարաններն ապահովվում են անհրաժեշտ դասագրքերով, ստեղծվում է համագործակցության հարթակ կրթական, գիտական, տնտեսական, մշակութային և այլ ուղղություններով։ Հայաստանի մարզերի և համայնքների և Ռուսաստանի երկրամասերի ու համայնքների միջև ստորագրվում են համագործակցության հուշագրեր, ստեղծվում են տնտեսական համագործակցության մեխանիզմներ։

Նիստերի ընթացքում տեղի են ունենում շահագրգիռ քննարկումներ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ։ Այցի ընթացքում ունեցանք հետևյալ հանդիպումները․ Հանդիպեցինք Իրկուտսկի երկրամասի ղեկավար Իգոր Կոբզևի հետ, քննարկվեցին տնտեսական, կրթական, գիտական ուղղություններով համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Երկուստեք արձանագրեցինք, որ նշված ուղղություններով գոյություն ունի չօգտագործված ներուժ, որի իրացման ուղղությամբ անհրաժեշտ է աշխատանք տանել։ Իրկուտսկի հայ համայնքի հետ քննարկեցինք համայնքի խնդիրներին և Հայաստանի հետ կապը պահելուն և զարգացնելուն վերաբերող հարցեր։ Ուրախ եմ արձանագրել, որ Իրկուտսկի քաղաքապետարանի որոշմամբ համայնքին է փոխանցվել հողատարածք՝ եկեղեցու և համայնքի համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ կառուցելու համար։

Այցելեցինք Իրկուտսկի ռուսական ուղղափառ եկեղեցի, որտեղ տեղադրված է Հայկական խաչքար՝ նվիրված 1915 թ․ ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ եկեղեցում տեղադրված էր Սբ․ Գրիգոր Լուսավորչի սրբանկար։ Այցելեցինք Բայկալի թանգարան, որտեղ ծանոթացանք Բայկալ լճի էկոհամակարգի պահպանման և զարգացման ծրագրերին, քննարկեցինք Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և զարգացման շուրջ երկկողմ համագործակցության հնարավորությունը։ Նիստի ավարտին Հայաստանի Կոտայքի մարզի և Ռուսաստանի Իրկուտսկի երկրամասի, Արմավիր և Իրկուտսկ քաղաքների միջև ստորագրվել են համագործակցության հուշագրեր: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին․

1․ Վահե Ղալումյան - ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ.

2․ Վլադիմիր Վարդանյան - ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ.

3․ Բաբկեն Թունյան - ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ.

4․ Վաղարշակ Հակոբյան - ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ.

5․ Ալեքսեյ Սանդիկով - ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ.

6․ Միքայել Թումասյան - ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ.

7․ Շիրակ Թորոսյան - ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ.

8. Աշոտ Սաղյան - ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ.

9․ Արթուր Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ (առցանց)

10. Ահարոն Սահակյան - ՀՀ Կոտայքի մարզպետ.

11. Դավիթ Խուդաթյան - ՀՀ ք․ Արմավիրի քաղաքապետ:

Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը կանցկացվի 2024 թվականին Հայաստանում՝ Դիլիջան քաղաքում»: 

253