Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը մշակել է երկարօրյա մանկապարտեզների այլընտրանքային երկու ծրագիր։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ ուսումնական տարվան ընդառաջ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները կարող են դիմել երկարօրյայի համար։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ այս համատեքստում վկայակոչեց ժողովրդագրական տվյալներ, թե որոնք են այն պատճառները, որ մարդիկ չեն ցանկանում շատ երեխաներ ունենալ։ Ըստ նրա՝ այս խնդրի լուծման ճանապարհներից մեկն էլ այն է, որ նախակրթարանների հասանելիությունը պետք է ավելացնել նաև ժամային առումով՝ աշխատող ծնողների համար ստեղծելով հնարավորություն՝ երեխային ավելի երկար թողնել նախակրթարանում․ «Ենթակառուցվածքների առումով մենք մեծ աշխատանք են կատարում։ Այս տարի 24 մանկապարտեզ հիմնանորոգում կամ նորն ենք կառուցում, մյուս տարի՝ 33, հաջորդ տարի էլ՝ 35։ Մանկապարտեզների հիմնանորոգումները մեզ հնարավորություն են տալիս ավելի մեծ քանակի երեխաներ ընդունել մանկապարտեզներում», - ասաց Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այսօրինակ ծառայությունից աշխատող ծնողները կցանկանան օգտվել։ 

Երևանի փոխքաղաքապետն առաջարկեց այս շաբաթ քննարկել և երևանցիներին տեղեկացնել, որ քաղաքի մանկապարտեզներում արդեն երկարժամյա ծառայության հնարավորություն կա, որը աշխատող ծնողներին հնարավորություն կտա երեխաներին մի փոքր ավելի երկար թողնել մանկապարտեզում, աշխատանքն ավարտել և նոր գնալ երեխայի հետևից: 

745