Araratnews.am լրատվականի զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանը

- Պարոն Ղեւոնդյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք ԼՂ շրջափակման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ երեկոյան տեղի ունեցած նիստը, հնչած գնահատականները։

- Մենք ականատես եղանք նիստի բաց մասին, որտեղ հիմնականում դեկլարատիվ հայտարարություններ էին․ ինչպես սպասվում էր՝ այն երկրները, որոնք ավելի հակված են ադրբեջանամետ դիրքորոշման եւ նրանց հետ ավելի ակտիվ աշխատանք տարել էին թուրքերն ու ադրբեջանցիները, հանդես եկան նրանց նարատիվներով, իսկ այն պետությունները, որոնց հետ աշխատել էր Հայաստանը, հանդես եկան ավելի հայկական կողմի նարատիվներով։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ գործընթացն իր սովորական ընթացքով շարունակվում է եւ սա մեկ օրվա, մեկ ամսվա կամ նույնիսկ մեկ տարվա խնդիր չէ, սա շատ ավելի երկար, դանդաղ գործընթաց է, որտեղ պետք է փորձենք այնպես անել, որպեսզի մենք ավելի երկար դիմանանք, քան Ադրբեջանը։

- ՌԴ ներկայացուցիչը կարեւորել էր ոչ միայն Լաչինի, այլ նաեւ մյուս հումանիտար ուղիների օգտագործումը, իսկ ԱՄՆ եւ ԵՄ դիրքորոշումը նույնն էր՝ Աղդամի ճանապարհը չի կարող այլընտրանք լինել։ Ինչո՞ւ է ՌԴ-ն շարունակում խոսել Աղդամի ճանապարհից։

- Առաջին հերթին այն պատճառով, որ Ռուսաստանին անհրաժեշտ է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, եւ Ռուսաստանը փորձում է զուգահեռներ անցկացնելով հիմքեր ստեղծել հետագայում Հայաստանի հետ բանակցություններում այդ խնդիրը բարձրացնելու եւ Զանգեզուրի միջանցքի մասին նորից խոսելու համար, իսկ Արևմուտքն ընդհակառակը՝ որևէ կերպ Զանգեզուրի միջանցք ասվածը շահավետ չէ, այդ պատճառներով էլ նրանք փորձում են զուգահեռներ թույլ չտալ այլ հնարավոր ճանապարհների միջև, որպեսզի այլ հնարավոր ճանապարհները հետագայում չդառնան, ինչպես ասացի, Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ խոսույթ։

- Որքանո՞վ է հնարավոր ԱԽ-ի կողմից հայտարարության ընդունում՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու պահանջով։ Եվ ինչպե՞ս կգնահատեք հայկական կողմի ակնկալիքները՝ հատկապես միջգերատեսչական առաքելություն ԼՂ գործուղելու մասով, արդյո՞ք իրատեսական է։

- Կարծում եմ՝ եթե ոչ բանաձեւ, ապա հայտարարություն կտարածի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Բանաձեւի հետ կապված, իհարկե, հնարավորություն կա, առավել եւս, եթե հաշվի առնենք, որ ԱԽ հինգ մշտական անդամները ընդհանուր առմամբ չունեին լուրջ հակասություններ, այսինքն՝ որեւէ մեկը մյուսի նկատմամբ այս նիստի ժամանակ խնդիրներ չստեղծեց, կարծես թե լոյալ էին իրար նկատմամբ, բայց շատ ավելի մեծ հավանականությամբ՝ հայտարարությունը կլինի, եթե նույնիսկ բանաձեւը չլինի։ Ինչ վերաբերում է միջազգային կոնտինգենտի գործուղմանը, ապա դրա հետ կապված դեռեւս շատ աշխատանք կա անելու, դա կախված է նաեւ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները հետագայում։ Ինչպես նշեցի՝ ամեն ինչ էլ հնարավոր է՝ ուղղակի պետք է դիմադրողականությունը ավելին լինի եւ պետք է կարողանալ դիմանալ ավելի շատ, քան կդիմանա Ադրբեջանը։

- Կան որոշ գնահատականներ, որ ԱԽ նիստում հայկական կողմը կարող էր Ռուսաստանի դերի մասին խոսել, որն իր պարտավորությունները չի կատարում, բայց կա հակառակ պնդում՝ այդպիսով հարցը հումանիտար դաշտից դուրս կլիներ։

- Ես իմ խոսքում ակնարկեցի, որ կարծես թե հինգ մշտական ԱԽ անդամ երկրների միջեւ չկային մեկը մյուսի վերաբերյալ խնդրահարույց ձեւակերպումներ, ինչը հնարավորություն կարող է ստեղծել,  որպեսզի մեր ակնկալած բանաձեւը ինչ-որ չափով իրականություն դառնա։ Եթե Հայաստանը նշեր Ռուսաստանի դերի մասին, այս հավասարակշռությունը իհարկե կխախտվեր եւ բանաձև ստանալու հավանականությունը էականորեն կնվազեր։ Ես կարծում եմ՝ Հայաստանի դիրքորոշումը այս դեպքում վերոնշյալ ռիսկի հետ էր կապված եւ այդ պատճառով ՀՀ-ն ՌԴ-ի մասին չխոսեց․ այնուամենայնիվ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում ամեն ինչ չի ավարտվում եւ հետագա քննարկումներում, ես ավելի քան համոզված եմ, Հայաստանը այդ խնդիրը կբարձրացնի տարբեր հարթակներում։

- Պարոն Ղեւոնդյան, արդյոք ՄԱԿ-ի ԱԽ-ում պետք է խոսել նաեւ ԼՂ ժողովրդի հիմնարար այլ իրավունքերից, թե՞ այս փուլում պետք է բավարարվել հումանիտար հարցերի շրջանակին առնչվող իրավունքների առաջմղմամբ եւ լուծմամբ։

-Լաչինի միջանցքի փակումն առաջին հերթին ազդում է իմ նշած դիմադրողականության վրա։ Եթե դիմադրողականությունը այսքան է՝ մենք ավելին անել այս պահին ուղղակի չենք կարող․ այն իրավիճակը, որը ստեղծվել է Արցախում. ես չեմ պատկերացնում ինչպես կարելի է դիմանալ ձմռանը, եւ  որպեսզի մենք կարողանանք այդ դիմադրողականությունը մեծացնել ու ավելի շատ պահանջել՝ առաջինը հենց Բերձորի միջանցքի բացումն է, այդ պատճառով էլ այս պահին ամբողջ դիվանագիտական ջանքերն ուղղված են այդ խնդրի լուծմանը։ Երբ միջանցքը կբացվի եւ կկարողանանք դիմանալ նաեւ ձմռանը ու հետագայում նաև մինչև 2025 թվականը, երբ նոր զարգացումներ են սպասվում, այդ ժամանակ նոր կարելի է խոսել այլ իրավունքների եւ ազատությունների մասին, բայց եթե մարդկանց ֆիզիկական գոյության վտանգ կա այս պահին՝ պահանջել այլ իրավունքներ՝ մենք կարող ենք իհարկե, բայց գուցե չհասցնենք դրանք ստանալ, եթե իհարկե նման հնարավորություն լինի։

- Այս օրերին Հայաստանի եւ Արցախի սահմանների ուղղությամբ Բաքուն լարել է իրավիճակը, դա պայմանավորված է զուտ ՄԱԿ-ի ԱԽ նիստո՞վ, թե Ադրբեջանը նոր ռազմական ագրեսիա կարող է իրականացնել։

- Այո, պայմանավորված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստով եւ Ադրբեջանի վարքագծին արդեն մենք պետք է սովորած լինեինք. բոլոր նման կարեւոր իրադարձություններից առաջ Ադրբեջանը սադրանքներ է ձեռնարկում, հետագայում եւս այդպես է լինելու, պետք է ուղղակի շատ զգոն լինել և սպասել նման զարգացումների։

- Իսկ ի՞նչն է Ադրբեջանին զսպում չգնալ ռազմական նոր ագրեսիայի։

- Առաջին հերթին միջազգային իրավիճակը, որն այսօր բարենպաստ չէ լայնածավալ գործողություններ իրականացնելու համար եւ ինչքան էլ որ այս պահին ռազմական բալանսը  խախտված է, եւ Հայաստանը համեմատաբար թույլ է Ադրբեջանից՝ այնուամենայնիվ իրենից բավական մեծ ուժ է ներկայացնում, եւ ՀՀ-ի վրա հարձակման դեպքում Ադրբեջանը կարող է լուրջ կորուստներ կրել, եւ լուրջ հարց է այստեղ արդեն արդյոք Ադրբեջանը հաղթանակի կհասնի, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա այնտեղ եւս Արցախը որոշակի հնարավորությունների տիրապետում է, իհարկե երկար չի կարող դիմագրավել, բայց այնտեղ կա մեծ քաղաքացիական բնակչություն, եւ Ադրբեջանը եթե փորձի ռազմական ուժի միջոցով խնդիրներ լուծել Արցախում՝ կարող է հետագայում այդ քաղաքացիական բնակչության հետ լուրջ խնդիրներ ունենալ։

- ԼՂ-ում միջադեպ էր տեղի ունեցել, երբ ռուս խաղաղապահներն ուժով իրենց ճանապարհն էին բացել, որը հայ ակտիվիստներն էին փակել որպես բողոքի նշան, իսկ Լաչինի միջանցքի բացման հարցում խաղաղապահների մոտ քար լռություն է։

- Պետք չէ այլեւս հույս ունենալ ռուս խաղաղապահներից, նրանք ակնհայտորեն ցույց են տվել, որ այնտեղ են որոշակի խնդիրներ լուծելու եւ իրենց շահերը պաշտպանելու  համար, այլ ոչ թե խաղաղապահ գործառույթներ իրականացնելու․ տեղի ունեցածը ցույց է տալիս, որ մեր վախերը ճիշտ էին՝ այն, որ Ռուսաստանը ունի հնարավորություն, բայց չի ցանկանում կատարել իր գործառույթները։ Եվ կարծում եմ՝ հետագայում տարբեր հարթակներում Հայաստանը ու նաև Արցախը, որտեղ որ կլինեն ներկայացված՝ այս խնդիրը կբարձրացնեն։

Գեղամ Ադյան

1883