Օրերս Aravot.am-ը, հղում անելով ՀՀ ԱԳՆ-ում իր աղբյուրին, գրել էր, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկումներից հետո ամերիկյան կողմը ԱԽ անդամ երկրներին հորդորում է ձեռնպահ մնալ որևէ բանաձևի նախագիծ ներկայացնելու քայլերից: 

Բելգիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում ի պատասխան լրագրողի հարցի՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ չի կարծում, թե ամերիկյան կողմը որևէ կերպ պատրաստվում է կամ կցանկանա մաս կազմել կամ նպաստել էթնիկ զտումների Ադրբեջանի քաղաքականությանը։ «Ես կարծում եմ և հուսով եմ, որ Միացյալ Նահանգներում շատ լավ հասկանում են հումանիտար ճգնաժամի չափերը և ահագնացող տեմպերը Լեռնային Ղարաբաղում և նաև գիտակցում են, որ ՄԱԿ ԱԽ հնարավոր բանաձևը կգար օգնելու հանգուցալուծել այս իրավիճակը»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Civic.am-ը հարցում էր ուղարկել նաև ԱՄՆ դեսպանատուն։ Մեր հարցմանն ի պատասխան դեսպանատան մամուլի բաժինը հերքել է «Առավոտ»-ի՝ ԱԳՆ աղբյուրի փոխանցած տեղեկատվությունը՝ նշելով, որ բանաձևի նախագիծ իրենք չեն տեսել, և այն պնդումները, թե Միացյալ Նահանգները անդամ-երկրներին ճնշում է չստորագրել բանաձև, բացարձակ կեղծիք են։

«Ինչպես նշված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեր հայտարարության մեջ, Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը շարունակում է մեզ խորապես մտահոգել, և մենք Ադրբեջանի կառավարությանը քաջալերում ենք շուտափույթ բացել Լաչինի միջանցքը հումանիտար, կոմերցիոն և մասնավոր փոխադրումների համար»,- ասված է դեսպանության պատասխանում։

1065