
Հուլիսի երեքին ՀՀ քաղաքացի Արայիկ Բալասանյանը «Aegean Airlines» ավիաընկերությունից գնել է բիզնես կարգի տոմս՝ Երևան-Աթենք-Նիցցա ուղղությամբ և նրա ուղեբեռը, որի մեջ եղել են բավականին թանկարժեք իրեր, կորել է: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում պատմեց Արայիկ Բալասանյանը:
«Ես ձեռնարկել եմ համապատասխան միջոցներ, օդանավակայանի ծառայություններին տեղյակ եմ պահել, որ իմ ուղեբեռը կորել է: Օդանավակայանից հավաստիացրել են, որ երկու օրվա մեջ կգտնեն և կբերեն հյուրանոց, ինչը տեղի չի ունեցել»,- ասաց նա:
Նա պատմեց, որ երկու շաբաթ անց այդ մասին տեղեկացրել է ավիաընկերությանը, որոնք ասել են, որ ոչնչով չեն կարող օգնել և ավիաընկերության կայքէջում պետք է ներկայացնել բողոքը, ինչը նա արել է: «Այնուհետև գտել եմ ավիաընկերության կոնտակտային տվյալները, էլեկտրոնային փոստը, ներկայացրել եմ խնդիրը, պահանջվող կտրոնները, որ մոտավորապես 14 715 եվրոյի ապրանք է եղել այդ ճամպրուկում, հիմնականում հագուստ և պայուսակ:
Որոշ ժամանակ անց ստացվել է պատասխան, որ՝ հարգելի Բալասանյան, ցավում ենք, որ չենք կարողանում գտնել կորած ուղեբեռը և, Մոնրեալի կոնվենցիայի համաձայն, կարող ենք փոխհատուցել ընդամենը 1715 եվրո, սա առավելագույնն է, որ կարող ենք անել»,- ասաց նա:
Արայիկ Բալասանյանը չի համաձայնել և նշել է, որ իրեն ձեռնտու է, որ ճամպրուկը գտնեն, քան գումար տան, որը մոտավորապես 9,5 անգամ ավելի քիչ է իր ֆինանսական կորստից: «Ավիաընկերությունը նորից նույն պատասխանն է տվել, և նորից դիմել եմ, որ ճամպրուկը գտնեն, սակայն պատասխան չկա արդեն տասն օր է։ Արդեն 2 ամիս է իմ ուղեբեռը չեն վերադարձնում, և վիրավորական է իրենց արձագանքը՝ ասում են էսպես և վերջ, բայց ես բիզնես կարգի տոմս եմ գնել և վճարել եմ բավականին խոշոր գումար: Առանձին վճարել եմ նաև հավելյալ ուղեբեռի համար: Թող վերադարձնեն իմ ճամպրուկը, որի մեջ ես ունեմ թանկարժեք իրեր, ես իրենցից իմ ճամպրուկից բացի ոչինչ չեմ ուզում, իսկ եթե չեն կարողանում վերադարձնել, թող բարի լինեն համարժեք փոխահատուցեն իմ կորուստը, այլապես ստիպված կլինեմ դիմել բոլոր օրինական միջոցներին»,– հավելեց քաղաքացին։
Նշենք, որ քաղաքացին օգտվել է միջազգային ավիաընկերությունից, այնինչ հայկական ավիաընկերությունները, որոնք այնքան էլ երկար փորձ չունեն գործունեության, նման խնդիրներ չեն առաջացնում։ Յուրաքանչյուր քաղաքացու խնդրին տրվում է պատշաճ պատասխան և հնարավոր լուծումը։ Տարակուսելի է, որ միջազգային կազմակերպությունում նման աշխատանքի ոճ կա, ինչը առաջացնում է քաղաքացիների անվստահությունը։