ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը ս․թ սեպտեմբերի 25-ին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք  Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Հայաստան է ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը՝ հաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բռնություններից բխող հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ։ 

ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Փաուերի հետ Հայաստանում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։

Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում արժանապատիվ ու տևական խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին։

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի մասին հաղորդումներով և կոչ է անում անարգել մուտք ապահովել միջազգային հումանիտար կազմակերպությունների և կոմերցիոն փոխադրումների համար։

358