Ինչ  փաստաթղթեր  են անհետացել պետական գույքի կառավարման կոմիտեից, արդյոք իրավապահները քրեական գործ հարուցել են: Այս հարցերն առաջացան  Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հայտարարությունից

Հիշեցնենք՝ Նարեկ Բաբայանն ասել էր՝ ահռելի ծավալի տեղեկատվություն կամ բացակայում է, կամ արխիվներում է, և շատ կարևոր, արժեքավոր տեղեկատվություն նույնիսկ արխիվների հատորներից բացակայում են:

Պաշտոնյային Araratnews.am-ը հարցրեց՝  կոնկրետ ինչ փաստաթղթեր են անհետացել, արդյոք իրավապահները քրեական գործ հարուցել են: «Շատ նյութերում երբեմն պակասող տեղեկատվություն կա: Ինչ վերաբերում է իրավապահ մարմիններին, մեր եւ նրանց համատեղ աշխատանքի  ընթացքում են բացահայտվել»,- մանրամասնեց  կոմիտեի նախագահը:

Նա  հստակեցրեց՝  իր հայտարարությունը պակասող փաստաթղթերի մասին նոր չէ: Դա ի հայտ է գալիս իրավապահների հետ աշխատելիս, երբ արվում է համապարփակ ուսումնասիրություն: «Պակասող փաստաթղթերը վերաբերում են տարբեր ժամանակներին, օրինակ՝ 2004 թ-ի մի գործի հետ կապվածը հիշեցի»,- ասաց պաշտոնյան: 

Նարեկ Բաբայանը դժվարացավ ասել, թե քանի շենք-շինությունների փաստաթղթեր են պակասում, բայց չի պնդում, թե փաստաթղթերի չլինելը միայն դիտավորություն է: Գուցե փնթիության հետևանք լինի: 

Կառավարության անդամը չբացառեց, որ գուցե հարուցվեն նոր քրեական գործեր: 

Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ մեզ ասաց՝ անհրաժեշտության և հիմքերի առկայության դեպքում Կոմիտեն կդիմի դատախազություն առերևույթ հանցավոր արարքների հատկանիշեր նկատելիս: Նախորդ երկու տարիներին, խորհրդականի տեղեկացմամբ, Պետական գույքի կառավարման կոմիտեն կոնկրետ գույքերի սեփականաշնորհման ընթացքում կատարված առերևույթ ապօրինությունների վերաբերյալ Կոմիտեից ստացված նյութերով մի քանի տասնյակ քրեական գործ է հարուցել, և ամեն կոնկրետ դեպքում Կոմիտեն նյութերն ուղարկել է դատախազություն:

Սոնա Դավթյան

1387