Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Euronews-ին տված հարցազրույցում ձեռնպահ է մնացել Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանումը էթնիկ զտում անվանելուց։
«Ճիշտ է, որ հայ բնակչության ճնշող մեծամասնությունը լքել է տարածաշրջանը և, հավանաբար, վախենում է, թե ինչպես կվերաբերվեն իրենց Ադրբեջանի իշխանությունները,- ասել է նա։
Նա նաև ասել է, որ Բաքուն մնում է ԵՄ գործընկերը։
«Ադրբեջանն այսօր գործընկեր է, այո, գործընկեր է։ Սա չի նշանակում, որ հարաբերությունները պարզ են։ Ոչ, այդքան էլ պարզ չեն։ Կա՞ն դժվարություններ։ Այո, և այդ դժվարությունները իրական են և պետք է հասկանալ դրանք»,- նշել է նա։
Նա հերքել է, որ ԵՄ-ն աչք է փակել թշնամանքի նշանների վրա, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը 2022 թվականին Բաքվին անվանեց «վստահելի» գործընկեր՝ պայմանագիր կնքելով մինչև 2027 թվականը կրկնապատկելու ադրբեջանական գազի ներկրումը ԵՄ՝ աստիճանաբար Ռուսաստանից վառելիքի ներմուծումը վերացնելու նպատակով:
Լրագրողի այն դիտարկմանը, թե Եվրախորհրդարանի անդամները Միշելի միջնորդական փորձերը որակել են «լիակատար ձախողում»՝ մեղադրելով ԵՄ առաջնորդներին ագրեսորի անունը չնշելու և Հայաստանի խնդրանքներն անտեսելու մեջ։
Միշելը մերժել է այս քննադատությունը՝ Euronews-ին ասելով, որ «եվրոպական միջնորդությունը, որը տեղի ունեցավ մյուսների հետ զուգահեռ, ինչպիսին է ԱՄՆ միջնորդությունը, թույլ տվեց առաջընթաց»:
«Մենք նաև առաջընթաց ենք գրանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության համաձայնագրի ապահովմանն ուղղված տեքստերի մշակման գործում: Բայց ես չափազանց հիասթափված եմ Ադրբեջանի կողմից ընդունված որոշումից, և ես դա շատ հաստատակամորեն հայտնեցի նախագահ Ալիևին»,- ավելացրել է նա:
Միշելը նշել է, որ ԵՄ միջամտությունը վճռորոշ է Լաչինի միջանցքի վերաբացման ապահովման համար, որը ամիսներ շարունակ արգելափակված էր ադրբեջանական զորքերի կողմից։
«Մենք շատ հավատարիմ ենք աջակցելու Հայաստանին, որը հյուրընկալում է մեծ թվով փախստականների, որոնք լքել են իրենց հայրենի շրջանը Լեռնային Ղարաբաղում», - բացատրել է Միշելը: «Մենք նաև պետք է շարունակենք ներգրավվել քաղաքական և դիվանագիտական մակարդակով, որպեսզի համոզվենք, որ կա Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի շատ հստակ հաստատում»։
Խաղաղությունը, նրա խոսքով, կպահանջի «բանակցություններ, որոնք կարող են ամրապնդել երկու կողմերի պարտավորությունները», թեև «Ադրբեջանը, որը սկսել է այս ռազմական գործողությունը, մեծ պատասխանատվություն է կրում»։
«Այժմ Ադրբեջանը պետք է բարի կամք դրսևորի՝ միջազգային իրավունքի համաձայն՝ մասնակցելով Ադրբեջանում ապրող ողջ բնակչության, այդ թվում՝ հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանությանը»,- հավելել է նա։
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հարցազրույցը Euronews-ին։