ԱՄՆ-ն հարգում է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը և, իհարկե, Հայաստանի կառավարությանն է թողնում իր օրենսդրական գործընթացները մեկնաբանելու իրավունքը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը` արձագանքելով Հայաստանի Ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը:

«Մենք հարգում ենք յուրաքանչյուր երկրի` Հռոմի ստատուտին միանալու իրավունքը: Մենք ոգեշնչված ենք բազմաթիվ երկրներով, այդ թվում` Հայաստանով, որ ստանձնել են ցեղասպանության, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատվության, արդարության ապահովման պարտավորություն»,- ասել է նա:

Հայաստանի նկատմամաբ ՌԴ կոշտացող հռետորաբանության և հնարավոր ռիսկերի վերաբերյալ հարցին ի պատասխան Պատելը նշել է.

«ԱՄՆ-ն մտադիր է շարունակել որոշակի դերակատարում ունենալ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարության հետ փոխգործակցության հարցում` ամենաբարձր մակարդակով` ամուր և արժանապատիվ խաղաղության հասնելու նպատակով: Դուք նաև տեսել եք, թե ինչպես ենք մենք նախորդ շաբաթվա ընթացքում կրկնել մեր կոչը` ԼՂ-ում երկարաժամկետ, անկախ միջազգային մոնիթորինգային առաքելության տեղակայման հարցում` ապահովելու համար թափանցիկությունն ու վստահությունը, որ էթնիկ հայերի իրավունքներն ու անձեռնմխելիությունը կապահովվեն, հատկապես` նրանց համար, ովքեր հնարավոր է, ցանկանան վերադառնալ, ինչպես նաև մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության համար, ինչը համապատասխանում է Ադրբեջանի հրապարակային հավաստիացումներին ու միջազգային պարտավորություններին»:

Դիտարկմանը, թե` արդյո՞ք նա ևս մտավախություն ունի, որ տեղի ունեցածից հետո խաղաղապահներն այնտեղ են` ոչ թե խաղաղության ապահովման, այլ ԼՂ այդ հատվածում վերահսկողությունը պահելու համար, Պատելը պատասխանել է.

«Հետաքրքիր բառախաղ է, սակայն ես կրկին չեմ ցանկանում շահարկումներ անել: Ես կրկին կասեմ` նման ներկայությունը նախկինի պես անհանգստություն է առաջացնում: Բայց ԱՄՆ-ն պատրաստվում է հետագայում ևս ուշադրությունը կենտրոնացնել այս հարցում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ փոխգործակցության վրա և անել ամեն ինչ` ամուր և արժանապատիվ խաղաղության ապահովումը շարունակելու համար»:

455