Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել Սոս Սարգսյանի վիպակների ժողովածուն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրքում ներառված են հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանի «Լակոտը», «Ոտնամաններս» և «Ընդհատում» վիպակները, որոնք յուրովի են բացահայտում թատրոնի և կինոյի նվիրյալին։
Գիրքը կազմել և հրատարակության է պատրաստել Դավիթ Սամվելյանը։ Գրքի առաջաբանի հեղինակն է Սոս Սարգսյանի կենսամատենագիտության հեղինակ Մարի Հովհաննիսյանը։
«Ոտնամաններս» վիպակն ամփոփում է հեղինակի մանկության հիշողությունները Հայրենական մեծ պատերազմի դաժան տարիների, հատկապես` անթերի ոտնամաններ ունենալու և ոտքերը չսառչելու երազանքի մասին:
«Ընդհատում» վիպակը բարդ ու ողբերգական կենսագրություններով առլեցուն ուրույն մի աշխարհ է, որը դիտարկված է գլխավոր կերպարների՝ հոր և որդու, տեսանկյուններով:
«Լակոտը» ստեղծագործության մեջ պատմվում է ստալինյան բռնատիրության, անհատի ինքնակայացման դժվարին ուղու, բարոյական կերպարի կայացման ու հաղթանակի մասին:
Գիրքը համեմված է հեղինակի արխիվային լուսանկարներով ու նրա տարբեր ասույթներով։