Կառավարությունն  այսօր՝ հոկտեմբերի 5-ի նիստում հաստատեց Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը:

Նախագիծն ընդգրկում է ԱՌԿ պետական քաղաքականության շրջանակը, այն է՝ աղետների ռիսկի նվազեցմանը, պատրաստվածության բարձրացմանը, արտակարգ իրավիճակներին արձագանքմանն ու հետաղետային վերականգնմանն ուղղված գործընթացները:

 «Ծրագիրը բխում է անվտանգ և դիմակայուն պետություն ունենալու և համապատասխան ստանդարտներ ապահովելու հրամայականից: ՀՀ-ն աղետների տեսանկյունից ունի բավականին լուրջ հակվածություն»,- կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացնելով ասաց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Նախագծով առաջարկվող միջոցառումներն ունեն հետևյալ բովանդակային բաշխումը՝

Վտանգի կանխում և կանխարգելում - 50 %

Պատրաստվածություն - 38 %

Արձագանքում և հետաղետային վերականգնում -12%

Նախագծով սահմանվում է բարեփոխումների օրակարգ, որի տեսլականն է՝ ձևավորել անվտանգ և դիմակայուն պետություն ու  անվտանգության մշակույթ՝ աղետների ռիսկից ապահովելով անհատի, համայնքի և հասարակության անվտանգությունը և նպաստելով ռիսկի գիտակցմամբ պայմանավորված կայուն զարգացմանը:

Նախագծով սահմանված գերակայությունների ու գործողությունների ծրագրով ներկայացված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է՝ 

մինչև 2030թվական նվազեցնել աղետներից տուժած բնակչության և զոհերի քանակը 30%-ով, իսկ պատճառած ուղղակի տնտեսական վնասը՝ 50%-ով՝ 2005-2015 թվականների համեմատությամբ։

Միաժամանակ, Նախագծի գործողության ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունքնում մինչև 2026 թվականը արձանագրվելու են հետևյալ ցուցանիշները՝

Ազգային մակարդակում աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման հաստատված գործիքակազմի առկայություն

ԱՌԿ վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացում առնվազն 30% -ով,

Սեյսմիկ խոցելիության գնահատում անցած կարևոր նշանակության օբյեկտների խոցելիության նվազեցում առնվազն 20%-ով,

Համայնքների առնվազն 30%-ում ԱՌԿ պլանների առկայություն և դրանց կիրառման վերաբերյալ պարբերական մշտադիտարկում,

Առնվազն 384 բնակավայրերի ռիսկի գնահատում և դրա հիման վրա համայնքային զարգացման ծրագրերի լրամշակում,

Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզերում տեղադրված կամ վերազինված հիդրոօդերևութաբանական ավտոմատացված 15 կայանների առկայություն,

Եղանակային կանխատեսումների մշտադիտարկման և տեղեկատվության տրամադրման (վաղ ազդարարման) արդյունավետության բարձրացում 60%-ով,

Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում սելավային ռիսկերի նվազեցում առնվազն 15%-ով,

Երևան քաղաքում սեյսմիկ ռիսկի նվազեցում առնվազն 15%-ով, Ագարակ և Մեղրի քաղաքային բնակավայրերի, Վանաձոր քաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցում առնվազն 30%-ով և այլն:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց. «Այսինքն մենք կարող ենք այսօր ունենալ սեյսմիկ քարտեզ եւ դա դնել որպես շերտ գեոպորտալի վրա, եւ դա դարձնել հասանելի ու հրապարակային բոլորի համար»: 

Նշվեց, որ մեր գեոպորտալում այս պահին հրապարակված է Հայաստանի օդային լուսանկարը, կադաստրային քարտեզը, ծածկագրերը,  պետական սեփականության գույքերը, միաժամանակ օրենքով կա հնարավորություն 9 շերտի հասանելիությունը ապահովել: 

490