
Գազայում Պաղեստինի և Իսրայելի միջև թեժացող պատերազմի և հնարավոր զարգացումների շուրջ Araratnews.am-ը զրուցել է տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։
- Պարոն Պետրոսյան, Իսրայելը Գազայի հատվածում ընդլայլնել է գործողությունները՝ ցամաքային հարձակմամբ, ի՞նչ գործողությունների մասին է խոսքը և արդյոք նպատակը զուտ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն է։
- Այս պահին Գազայի հյուսիսային հատվածում է մեկնարկել ցամաքային գործողություն։ Հռչակված նպատակը ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն է, բայց իհարկե այդ նպատակի իրականացման ճանապարհին էական վնասներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչպես նաև ահաբեկիչների անվան տակ խաղաղ բնակչությանը։ Այսինքն՝ Իսրայելը և՛ օդուժի, և՛ ցամաքային ուժերի մասնակցությամբ իրականացնում է մասնակի ցամաքային գործողություններ և կարծես երկարատև ծրագիր չկա, որովհետև դա ռազմավարական խնդիր է և փուլ առ փուլ է իրականացվում, քանի որ առաջինը պայմանավորված է միջազգային հանրության արձագանքով, հատկապես ԱՄՆ կարծիքը հաշվի առնելով և Գազայի ապագայի հետ կապված ծրագրի ոչ լիարժեք լինելու պայմաններում, որովհետև Իսրայելի իշխանություններին ուղղված մեծագույն խնդիրն այս պահին այն է, թե ինչ է լինելու Գազայի հետ ՀԱՄԱՍ-ից հետո և հենց այդ պատճառով է Իսրայելը փուլ առ փուլ առաջ շարժվում։
- Իսկ որքանո՞վ է հավանական, որ պատերազմում կներգրավվի Իրանի աջակցությունն ունեցող «Հեզբոլլահը»։
- Բնականաբար, զուգահեռ Լիբանանի տարածքից ոչ մասշտաբային հարձակումներ են տեղի ունենում Իսրայելի նկատմամբ և իհարկե ի պատասխան «Հեզբոլլահի»։ Այստեղ մարտավարական խնդիր կա հասկանալու համար, թե որքանով կընդլայնվի այս հակամարտությունը՝ հասկանալով դրա ընդլայնման հնարավորությունները և ծանր հետևանքները ամբողջ տարածաշրջանի համար։ Եվ Իսրայելը, և՛ նրա դաշնակիցները, և՛ հակառակորդները՝ ի դեմս Իրանի, շատ լավ հասկանում են, թե արդյոք արժե ընդլայնել պատերազմի մասշտաբները և դրանով պայմանավորված մինչ այդ փորձում են մշակել հետագա մարտավարական քայլերը։ Օրինակ՝ Իրանն ամեն կերպ փորձում է խափանել լայնամասշտաբ պատերազմի հնարավորությունը, բայց մենք տեսնում ենք, որ զուգահեռաբար Իսրայելը փորձում է բոլոր հնարավոր սպանալիքները չեզոքացնել այս պատերազմի ընթացքում․ այսինքն՝ մի կողմից Գազայում է իրականացնում գործողություն, մյուս կողմից՝ «Հեզբոլլահի» հարձակումն է փորձում կանխել և վստահաբար կանխատեսելի է, որ եթե ՀԱՄԱՍ-ի հարցերը լուծվեն՝ առանց վարանման իսրայելական կողմը նաև փորձելու է հարևան երկրներում Իրանի հովանավորյալ այլ կառույցների դեմ էլ գործողություններ իրականացնել։ Այսինքն՝ կա հավանականություն, որ «Հեզբոլլահը» կներգրավվի, բայց այդ որոշումը դեռ չի կայացվել և մեծապես պայմանավորված է Իրանի դիրքորոշմամբ ու Իրան-Արևմուտք հարաբերություններով։
- Թուրքիայի նախագահը Իսրայելին մեղադրել է կրոնական պատերազմ հրահրելու մեջ։ Այդ համատեքստում նա նաև հիշատակել է Լեռնային Ղարաբաղը։ Ինչո՞վ է պայմանավորած Էրդողանի այդ հռետորաբանությունը։
- Թուրքիան մշտապես եղել է Պաղեստինի առանցքային դաշնակիցներից և հերթական էսկալացիան էլ մեծ հաշվով լավ առիթ է Էրդողանի համար, որպեսզի փորձի իսրայելական հանցագործություններն օգտագործելով սեփական հեղինակությունն ամրապնդել ողջ մուսուլմանական աշխարհում, որովհետև մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում այս ուղղությամբ շատ ակտիվ էր Իրանը, որը Թուրքիայի մրցակիցն է։ Թուրքիան փորձում է օգտվելով իրավիճակից, հիմնականում ձեւական քայլերով, ամրապնդել իր հեղինակությունն իսլամական և մուսուլմանական աշխարհում։
- Տեսնում ենք, որ տարբեր երկրներում որոշակի հակաիսրայելական ցույցեր են տեղի ունենում։ Երեկ ՌԴ-ում այսպես ասած «հրեաների որս» է սկսվել, արդյո՞ք չկա վտանգ, որ առնվազն Եվրոպայում իրավիճակը կրոնական հողի վրա պայթյունավտանգ կդառնա։
- Իրականում կա վտանգ և Էրդողանի խոսքն էլ հանրահավաքում դրան էր ուղղված, այսինքն այն, որ Իսրայելի գործողությունները և Արևմուտքի անվերապահ աջակցությունը դրանց կարող են հանգեցնել ոչ միայն տարածաշրջանային, այլև քաղաքակրթական մեծ պատերազմի մուսուլմանների և ոչ մուսուլմանների միջև, և Դաղստանում տեղի ունեցածը դրա վառ օրինակներից մեկն էր, ասեմ ավելին՝ եթե այնտեղ գործողությունները մասշտաբային էին և գուցե ուղղորդված, ապա որոշ եվրոպական երկրներում լոկալ բնույթ կրող ցույցեր պատերազմի սկզբից ի վեր կան։ Եվ չի բացառվում, որ նման գործողություններն ուղղորդվեն ՌԴ-ի կողմից, որովհետև այս պահին էականորեն Ռուսաստանի շահերից է բխում նման թեժացումը Գազայի շրջանում, որովհետև դա միջազգային հանրության ուշադրությունը շեղում է ուկրաինական ճգանժամից, ինչը բնականաբար Մոսկվային ձեռնտու է իր խնդիրները Ուկրաինայում լուծելու համար։
- Ադրբեջանական հավաստի ԶԼՄ-ներից տեղեկանում ենք, որ «Socar»-ը Իսրայելում նավթի որոնման աշխատանքներ կիրականացնի եւ Ադրբեջանը գրեթե 8%-ով ավելացրել է նավթի արտահանումը Իսրայել։ Ինչո՞վ է պայմանավորված, որ նման իրադարձությունների ֆոնին Ադրբեջանը, ի տարբերություն մյուս մուսուլմանական երկրների, խորացնում է հարաբերությունները Իսրայելի հետ։
- Դրանք ավանդական հարաբերություններ են։ Ադրբեջանը համարվում է Իսրայելին նավթի հիմնական մատակարարը և ըստ էության ռազմավարական բնույթի հարաբերություններ ունեն այս երկրները։ Իսկ ներկայում այդ 8 տոկոս աճը երևի թե պայմանվորված է պատերազմական իրավիճակով և պետք է հիշենք, որ Ադրբեջանը պարտքեր ունի տալու ,և ինչպես Իսրայելն էր 44-օրյա պատերազմում անխափան ռազմական մատակարարումներ իրականացնում, այնպես էլ հիմա Ադրբեջանը պարտքն է վերադարձնում՝ Իսրայելին նավթամքերով ապահովելով։ Եվ այս դեպքում Թուրքիան շատ լավ հասկանում է, թե ինչ է տեղի ունենում։ Ինչպես արդեն նշեցի՝ Էրդողանի հայտարարությունները հանրահավքում և առհասարակ հռետորաբանությունը ընդամենը ձևական մակարդակում է ու բովանդակային առումով ազդեցություն չի ունենում իսայելաթուրքական հարաբերությունների վրա։
Գեղամ Ադյան