Հոկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի 23-ամյա երկու բնակչի, իսկ նրանցից մեկի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել են բաժնի պահպանվող հատուկ տարածք: Երիտասարդներից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է 3 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով գլանակ: Երիտասարդները և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:

Հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի պարեկները Մարտունու Կամոյի փողոցում թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Մարտունու բաժին են տեղափոխել Կարճաղբյուր գյուղի 38-ամյա մի բնակչի, իսկ նրա վարած «ՎԱԶ-2107»-ը տեղափոխել են բաժնի պահպանվող հատուկ տարածք: Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են կանեփի սերմեր, իսկ մեքենայից նա իրավապահներին է ներկայացրել կանեփի չորացված, մանրացված զանգված:

38-ամյա տղամարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին:
Հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին կանգնեցրել են մայրաքաղաքի 29-ամյա մի բնակչի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: 24-ամյա ուղևորը գրպանից հանել է ծխախոտի տուփի մեջ լցված թմրանյութի նմանվող զանգված ու գցել գետնին: Երիտասարդները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին: Նրանք և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:
Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

330