ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լայնամասշտաբ մարդասիրական աղետ է սպառնում, որն առանց այդ էլ շատ է տառապել և նրա անվտանգությունը պետք է ապահովվի:

Մեկ ամսվա կռիվներից հետո, վաղուց արդեն ժամանակն է, որ նախագահ Թրամփն ուղիղ ներգրավի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներին անհապաղ ապաէսկալացիայի և Ադրբեջանի զորքերի առաջխաղացումը կանգնեցնելու համար: Թրամփը, Բայդենի խոսքով, անձամբ պետք է միջամտի պատերազմը դադարեցնելու համար:

Նախագահի թեկնածուն նշել է, որ ԱՄՆ-ի գործող վարչակազմը պետք է ամբողջապես իրականացնի Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձեւը դեպի Ադրբեջան ռազմատեխնիկայի մատակարարումը դադարեցնելու համար:

Ինչպես փոխանցում է Lragir.am-ը, Բայդենի խոսքով, ԱՄՆ վարչակազմը պետք է կոչ անի Թուրքիային ու Ռուսաստանին դադարեցնել սպառազինության մատակարարումը հակամարտության գոտի, իսկ Թուրքիայի դեպքում՝ նաև վարձկաններին:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը եվրոպացի գործընկերների հետ պետք է առաջնորդի դիվանագիտական ջանքերը և մարդասիրական աջակցություն ապահովի տառապանքներին վերջ դնելու համար:

Բայդենը նշել է, որ ընտրվելու դեպքում անելու է վերոնշյալը:

1208