Araratnews.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Էդգար Վարդանյանը։

- Պարոն Վարդանյան, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ Հայաստանին կոչ անելով դրսևորել կառուցողական դիրքորոշում և ըմբռնել տարածաշրջանի իրողությունները, խոսվում է նաև անկլավների մասին, որոնք իբրև Հայաստանը շարունակում է օկուպացված պահել, ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Այդ 8 գյուղերի հետ կապված նարատիվը նոր նարատիվ չէ, այլ բան է, որ վերջերս այդ մասին շատ չէր խոսվում, բայց այն դուրս չէր եկել իրենց օրակարգից։ Հիմա քանի որ իրենց հաղթանակին նվիրված հայտարարություն է ընդունվել՝ բնականաբար այդ նարատիվը պետք է տեղ գտներ, այլ բան, որ դու ամեն օր չես կրկնում դա այս կամ այն նպատակներից ելնելով, բայց սա ցույց է տալիս նաև, որ իրենք բանակցային փուլում այդ հարցը բարձրացնում են և դա խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու և Հայաստանի վրա նոր ճնշում բանեցնելու հիմնական գործիքներից մեկն է, եթե ոչ ամենահիմնականը։

- Այս իրավիճակում, երբ չի նշմարվում որևէ բանակցային հարթակում հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև, արդյո՞ք նոր էսկալացիայի վտանգ չկա։

 

- Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ, մենք չենք կարող բացառել որևէ սադրանք նրանց կողմից։ Նույնիսկ եթե խաղաղության պայմանգիր կնքվի՝ դա նույնպես հարյուր տոկոսանոց երաշխիք չէ, որ սադրանքներ չեն լինի։ Բայց խաղաղության պայմանագիրն իհարկե լրջագույն կերպով նվազեցնելու է էսկալացիաների հնարավորությունը և մինչև այդ փաստաթղթի կնքումը Ադրբեջանը փորձում է ստանալ ինչ հնարավոր է և ինչ-որ տեղ նաև անխուսափելի բանակցային գործընթացի նոր փուլում հավելյալ ճնշումներ բանեցնել ու ավելի լավ բանակցային դիրքեր գրավել; Բայց մի քանի իրողություններ լուրջ գործոններ են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը զսպելու ուղղությամբ։ Այդ գործոնների մեջ ես կառանձնացնեի հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համաձայնությունը, ինչպես նաև հայ-ամերիկյան վերջերս ձեռք բերված համաձայնությունը, որի բովանդակությունը այն է, որ ԱՄՆ-ն աջակցելու է Հայաստանի բանակի արդիականացմանը։ Սրանք չեն կարող չնկատվել Ադրբեջանի կողմից և Ադրբեջանի անհանգստությունն են առաջացնում։ Սա նշանակում է, որ ըստ էության արևմտյան խոշոր պետությունները նաև լուրջ մեսիջ են հղում Ադրբեջանին, որ նրանք չեն հանդուրժի Ադրբեջանի կողմից ռազմական նոր գործողությունների իրականացումը և արդեն շատ ավելի կոշտ կարձագանքեն։ Բացի այդ, վերջին շրջանում Ադրբեջանը կարծես թե հատելով որոշակի կարմիր գծեր՝ ինքն իրեն բերել է այնպիսի կետի, երբ որևէ ագրեսիվ քաղաքականություն կարող է լրջագույն հարված հասցնել հենց իր հեղինակությանը և վտանգել Ադրբեջան-ԵՄ համագործակցությունը։ Ալիևի ռեժիմի համար շատ կարևոր է, որ ինքը Արևմուտքում ընկալվի որպես վստահելի գործընկեր, որ իր ձեռքը սեղմեն։ Հասկանալի է, որ լինելով խիստ ավտորիտար պետության ղեկավար՝ Ալիևն իր լեգիտիմությունը հիմնականում ստանում է դրսից և այս պարագայում եթե ինքը գնա արկածախնդրության, ապա կվտանգի իր իշխանության հիմնասյուներից մեկը՝ արտաքին լեգիտիմությունը։

 

- Այսօր հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը, ըստ Ձեզ՝ որքա՞ն հեռուն կարող է գնալ Հայաստանի այսպես ասած՝ ռուսական ինտեգրացիոն կառույցների աշխատանքը բոյկոտելը։

 

- Ես տեսնում եմ միտում, որ ՀՀ-ն փաստացի սառեցնում է իր մասնակցությունը ԱՊՀ-ում, բայց մյուս կողմից չի ցանկանում դուրս գալ կառույցից, որովհետև մտածում է, որ այս պարագայում կարիք չկա էլ ավելի բարդացնելու հայ-ռուսական հարաբերությունները։ Կարիք չկա Պուտինի ռեժիմին ավելի բորբոքելու և Հայաստանի դեմ ուղղելու, բայց մյուս կողմից, սառեցնելով իր մասնակցությունը՝ ՀՀ-ն ցույց է տալիս իր վերաբերմունքը ընդհանուր առմամբ նաև ՌԴ-ին, և  եթե դրան հավելենք արևմտյան ուղղությամբ ակտիվ ջանքերը՝ կտեսնենք, որ իրականում հայ-ռուսական դաշնակցային համաձայնագիրը և առհասարակ դաշնակցային հարաբերությունները փաստացի այսօր գոյություն չունեն։ ՀՀ-ն դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը այս պահին, բայց ելնելով իրողություններից՝ մենք կարող ենք ասել, որ այդ դիվերսիֆիկացումը ոչ այլ ինչ է, քան ՌԴ-ի կողմից վերահսկվող ինտեգրացիոն կառույցներից դուրս գալու միտում։ Բայց Հայաստանը առաջին հերթին չի ուզում տնտեսական կորուստներ ունենալ և այստեղ խնդիրն այն է, որ կարող է ձևավորվել տրանզիտային վակուում, երբ ինչ-որ տեղից դուրս ես գալիս, բայց այդ ընթացքում դու մեկ այլ տեղ չես, օրինակ՝ անվտանգային, տնտեսական առումներով, և դա կարող է քեզ խոցելի դարձնել ու կարծում եմ՝ ՀՀ իշխանություններն ընտրել են ՌԴ-ի կախվածությունից դուրս գալու աստիճանական տարբերակը. դժվար է ասել՝ դա ճիշտ ճանապարհ է, թե՞ ոչ։

Բայց նույնիսկ  նման քայլերը վրդովեցնում են Ռուսաստանին, որը փորձում է ավելացնել իր ճնշումները՝ Հայաստանի նկատմամբ տնտեսական խոչընդոտներ հարուցելով, հիբրիդային հարձակումները խորացնելով, բայց ամեն դեպքում դրանից ավելի դեռ Ռուսաստանը չի անում։ Բայց եթե Հայաստանը կտրուկ քայլեր իրականացնի՝ արդեն պաշտոնապես դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ռազմաբազաների դուրսբերման հարցը օրակարգային դարձնի՝ ՌԴ-ն կարող է դիմել ագրեսիվ գործողությունների։ Այդ ժամանակ արդեն ՀՀ-ն պետք է ունենա այլընտրանք և նոր ռեսուրսներ, որպեսզի ապահովի իր անվտանգությունը ու այնպես անի, որ տնտեսությունը չփլուզվի։ Սրանք գործոններ են, որոնք լրջագույն որոշումներ կայացնելու առաջ են կանգնեցնում Հայաստանի իշխանություններին և անկեղծ ասած՝ հիմա աննախանձելի է իրենց վիճակը, որովհետև շատ պատասխանատու  և ռիսակային որոշումներ պետք է կայացնեն յուրաքանչյուր պարագայում։ Մենք այնուամենայնիվ տեսնում ենք, որ Արևմուտքի կողմից որոշակի ընկալում կա այս դանդաղ ընթացքի հետ կապված և նրանք արդեն իսկ լուրջ քայլեր են իրականացրել, որոնք ապրիորի չպետք է իրականացվեին, որովհետև Հայաստանը շարունակում է պաշտոնապես մնալ ՀԱՊԿ անդամ և ՌԴ ռազմավարական դաշնակիցը և այսպիսի լուրջ ռազմատեխնիկական աջակցությունը, որ տրվելու է Արևմուտքի կողմից, աննախադեպ է, ինչը նշանակում է, որ Արևմուտքում կա իրավիճակի ադեկվատ ընկալում, այսինքն՝ նրանք ինչ-որ տեղ գնում են ռիսկի և հավանաբար մտածում են, որ երկարաժամկետ կտրվածքով Հայաստանը դուրս է գալու ՌԴ ազդեցությունից, բայց այսօր տրանզիտային վակուում կարող է առաջանալ, և այդ բացը լրացնելու համար նրանք իրականացնում են այդ քայլերը։ Ի դեպ, սա չի նշանակում, որ Արևմուտքը այս հարցում միակամ է, Ես չեմ բացառում, որ կան պետություններ, որոնք դեմ են նման քաղաքականությանը, բայց փաստն այն է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան գնում են այդ ճանապարհով, և չի բացառվում, որ որոշ պետություններ նրանց օրինակով որդեգրեն այդ քաղաքականությունը։

Գեղամ Ադյան

1692