Մեզ անընդհատ հասնում են տարատեսակ ինֆորմացիաներ, որ քաղաքացիներից բուժհաստատություններում կանխիկ գումարներ են ուզում: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով բուժհաստատություններում կոռուպցիայի տարատեսակ դրսևորումներին:

«Սիրելի քաղաքացիներ, ցանկացած անգամ, երբ ձեզանից բուժհաստատությունում տասը դրամ են ուզում, դա կոռուպցիոն դրսևորում է, այդ գումարն ուզող մարդը գողանում է այդ գումարը»,- ասաց նա և նշեց, որ առողջապահական բոլոր ծախսերը կատարվում են անկանխիկ տարբերակով:

«Ես զարմացած եմ, որ այս երևույթն այսքան համատարած բնույթ է կրում ՀՀ-ում, և կարծում եմ՝ սա թե առողջապահության լիազոր մարմինների և թե իրավապահ մարմինների մեծ բացթողումն է»,-ասաց նա:

Պատգամավորը վստահաբար ասաց, որ անկախ նրանից, թե կոռուպցիոներները որտեղ են աշխատում, ինչ հաստիք են զբաղեցնում, ինչ կապեր ունեն, իրենց  հետևից միանշանակ գալու են: «Եթե այսօր գիշեր չգան, վաղը գիշեր են գալու, եթե վաղը գիշեր չգան, մյուս օրը գիշեր են գալու, և ես ամեն ինչ անելու եմ, որ ձեր հետևից գան, որովհետև ձեր հետևից պետք է գալ»,- ասաց նա:

 

Ի դեպ, պատգամավորը նկատեց, որ պատգամավոր  Աննա Մկրտչյանը թուղթ է թողել, որը վերնագրված է «Սերժ Սարգսյանի և իր տերերի խոսակցությունը»: Նա նշեց, որ երկարալեզու երկար տեքստ է և թարգմանեց Սերժ Սարգսյանի պատասխանը՝ «Լսում եմ, ընկեր մայոր»,- ասաց նա:

1105