
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է մասնակցել G20-ի վիրտուալ գագաթնաժողովին, որը կազմակերպվելու է Հնդկաստանի կողմից և կանցկացվի նոյեմբերի 22-ին, հաղորդվում է «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրում «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում։
«Ռուսաստանի նախագահը և արևմտյան երկրների ղեկավարները երկար ժամանակ անց առաջին անգամ կարող են մասնակցել նույն միջոցառմանը։ Հաջորդ շաբաթ տեղի կունենա G20-ի վիրտուալ գագաթնաժողովը։ Եվ ակնկալվում է, որ դրան կմասնակցի Վլադիմիր Պուտինը»,- Telegram-ի իր ալիքում հայտնել է հաղորդման հեղինակ և վարող Պավել Զարուբինը։ G20 առցանց գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինի հնարավոր ելույթի թեման դեռևս չի բացահայտվել։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Նյու Դելիում սեպտեմբերի 9-10-ը կայացած G20 գագաթնաժողովի ժամանակ առաջարկել էր նոյեմբերին վիրտուալ ձևաչափով հանդիպում կազմակերպել խմբի ղեկավարների հետ։ Նա նշել էր, որ կարող են քննարկվել սեպտեմբերյան գագաթնաժողովում առաջնորդների ներկայացրած առաջարկները՝ դրանց իրագործումն արագացնելու նպատակով։ Ռուսաստանից Նյու Դելիում գագաթնաժողովին ներկա էր գտնվել արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը գագաթնաժողովին ՌԴ նախագահի բացակայությունը բացատրել էր նրանով, որ պետության ղեկավարը «կարիք չունի» շփվելու G20-ի մյուս երկրների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։
G20-ի վիրտուալ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 22-ին։ Հնդկաստանը, որը նախագահում է G20-ը, նախօրոք միջոցառմանը մասնակցելու հրավեր է ուղարկել խմբի երկրների բոլոր առաջնորդներին, գրում է Коммерсант-ը։