Այսօր՝ նոյեմբերի 20-ին, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը:

Քննարկմանը մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչներն ու Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամները: Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Նիստի ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծով նախատեսված կարգավորումները:

Ներկայացվել են նախագծի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմի և խորհրդի անդամների մտահոգություններն ու դիտարկումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել անձնական օգնականի ինստիտուտի ֆինանսավորմանը, անձնական օգնականին ներկայացվող չափանիշներին, անձնական օգնականի ծառայություններից օգտվելու հնարավորություն ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց շրջանակին, անձնական օգնականի կողմից տրամադրվող ծառայությունների նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու խնդիրներին և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ոլորտային հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը առկա խնդիրները միասին վերհանելու և լուծման ուղիներ նախանշելու հարցերում։

490