Նոյեմբերի 20-21–ը պաշտոնական այցով Կապան համայնք է այցելել Ֆրանսիայի Հանրապետության Սենտ Էտիեն քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետ Գաել Պերդրիյոյի գլխավորությամբ։ Համայնքի մուտքի մոտ հյուրերին աղուհացով դիմավորել են համայնքային իշխանության ներկայացուցիչները՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորությամբ։

Այս մասին հայտնում են Կապանի համայնքապետարանից:շ

Նախքան հանդիպման պաշտոնական մասի մեկնարկը, համայնքի ղեկավարի ուղեկցությամբ պատվիրակությունն այցելել է Բաղաբուրջի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։

Այնուհետև տեղի է ունեցել Կապանի և Սենտ էտիեն համայնքների ղեկավարների առանձնազրույցը, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Սենտ Էտիենի պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատվավոր անդամ Ֆրանսուա Ռոշբլուան, Սենտ Էտիենի հայկական համայնքի ներկայացուցիչներ՝ Վրեժ Խոսրովյանը և Պասկալ Դեմիրճյանը, «Ֆրանս–պրեսս» գործակալության լրագրող Դենիս Մեյնարդը, այդ թվում՝ քաղաքապետարանի և ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատան համապատասխան ոլորտների ներկայացուցիչները։

Համայնքի ղեկավարը նախ ողջունել է Սենտ Էտիենի պատվիրակության այցը Կապան, ապա բարձր գնահատելով դարերի պատմություն ունեցող հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները՝ ընդգծել Կապան համայնքի շահագրգռվածությունը՝ միջհամայնքային կապերը առավել խորացնելու և ամրապնդելու գործում:

«Այսօր մենք պատրաստակամություն ենք հայտնում օգտագործելու մեր բոլոր հնարավորություններն ու ներուժը՝ միջհամայնքային մեր հարաբերությունների կազմակերպման և ակտիվացման համար: Այս հարաբերությունները կարևորում ենք հատկապես ներկա աշխարհաքաղաքական իրողություններում, քանի որ այսօր Սյունիքի մարզի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ, որոնց դիմագրավման գործում անգնահատելի է Ֆրանսիայի ժողովրդի ակտիվ աջակցությունը»,- ասել է Գ. Փարսյանը:

Սենտ Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիյոն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը:

«Մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ Սենտ Էտիեն-Կապան համագործակցությունը երկարատև կյանք է ունենալու, քանի որ այս պահից մենք երկուսս կրում ենք այդ համագործակցությունը ծավալելու և ընդլայնելու պատասխանատվությունը»,- ասել է Գաել Պերդրիյոն:

Զրուցակիցները մանրամասն քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր: Ձեռք են բերվել որոշ նախնական պայմանավորվածություններ առաջիկա ծրագրերի իրականացման վերաբերյալ։

Պատվիրակության այցը նշանավորվել է շատ կարևոր և պատասխանատու իրադարձությամբ, Հայաստանի Հանրապետության Կապան համայնքի և Ֆրանսիայի Հանրապետության Սենտ Էտիեն քաղաքի միջև բարեկամական կապեր ձևավորելու մասին փաստաթղթի ստորագրմամբ, որով էլ պաշտոնապես ազդարարվել է համագործակցության մեկնարկը։

Կողմերը, շնորհավորելով միմյանց փաստաթղթի ստորագրման կապակցությամբ, փոխգործակցությանը մաղթել են հաջող ընթացք:

Կապան կատարած այցի շրջանակում պատվիրակությունը այցելել է նաև Կապանի ժամանակակից արվեստի թանգարան, Դավիթ Բեկ թաղամասի ակումբ–գրադարան, որտեղ նախատեսվում է ստեղծել նաև Ֆրանկոֆոնիայի կենտրոն՝ ի պատիվ հայ-ֆրանսիական, մասնավորապես Կապան-Սենտ Էտիեն քաղաքների ջերմ հարաբերությունների և ի նպաստ՝ ֆրանսերեն լեզվի զարգացման:

Պատվիրակության այցը Կապան եզրափակվել է Վահանավանքի վանական համալիր այցելությամբ։

378