«Ինձ համար պետության սիմվոլներն իրենց բովանդակությամբ չափազանց կարեւոր են: Պաշտոնական մակարդակում մենք խուսափել ենք անընդհատ սրա մասին խոսելուց: Ինքս լինելով լրագրող, նաեւ ինչ-որ չափով գրելու հետ առնչություն ունեցած մեկը, խոր հավատում եմ բառերի գենետիկ նշանակությանը, այդ թվում` պետական սիմվոլներին հատկապես: Համոզված եմ, որ այդ նախադասությունների մեջ կոդ է դրված, որն ինչ-որ ձեւով անպայմանորեն աշխատում է, որովհետեւ դա ազդակ է մեր բոլորի ենթագիտակցությանը»,- խոսելով օրհներգի հնարավոր փոփոխության մասին՝ ասաց վարչապետը` պատասխանելով քաղաքացու հարցին:

Վարչապետը հիշեցրեց` այն օրհներգը, որն այժմ ունենք Երրորդ հանրապետության ժամանակներում, տարբերակված, վերափոխված տարբերակ է. «Ի սկզբանե այդ օրհներգի բառերը եղել են այսպիսին.

Մեր հայրենիք, թշվառ, անտեր,

Մեր թշնամուց ոտնակոխ,

Յուր որդիքը արդ գանչում է
Հանել յուր վրեժ, քեն ու ոխ:

Հետո` Երրորդ հանրապետության մեկնարկին, համարվել է, որ պետք է փոխել, բայց իմ համոզմամբ, մենք ճիշտ տրամաբանություն չենք կարողացել ստանալ»:

Փաշինյանը փաստում է` օրհներգը շատերի մոտ է հարց առաջացնում. «Առաջին բանը, որ ես կցանկանայի, այն հատվածը՝ «Թող միշտ պանծա Հայաստան», եզրափակիչ նախադասությունը լիներ դա: Ինքս փորձել եմ այս «վարժությունը» կատարել, բայց ճիշտն ասած հաջողություն չեմ գրանցել»:

Վարչապետն ասաց, որ պետք է հաշվի նստել մեր օրհներգի, սիմվոլների, ավանդույթի եւ պատմության հետ, ու նշեց` հնչած հարցին չեմ ասի «այո», բայց պետք է խոստովանեմ, որ եթե շատ անկեղծ լինեմ, չեմ էլ ասի «ոչ», բայց իմ «ոչ» չասելն էլ վստահ չի նշանակի «այո»:

Մանրամասները` տեսանյութում:

639